Դիզելային վառելիքի թանկացումը էական ազդեցություն չի կարող ունենալ գյուղատնտեսական մշակաբույսերի ինքնարժեքի վրա: Այդ մասին ասել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, որն այսօր աշխատանքային խորհրդակցություն էր հրավիրել։
Խորհրդակցության օրակարգի հիմնական հարցը շուկայում դիտվող դիզելային վառելիքի, թունաքիմիկատների եւ այլ ապրանքատեսակների գների բարձրացման եւ դրանց հնարավոր մեղմման ուղղված միջոցառումների վերաբերյալ հանրապետության Նախագահի հանձնարարականի կատարմանն ուղղված հարցերի քննարկումն էր:
«2018 թվականի հունվարից մենք ունենք որոշակի գնաճ առանձին ապրանքատեսակների, մասնավորապես դիզելային վառելիքի գծով, որի թանկացումը սակայն, մեր գնահատականներով էական ազդեցություն չի կարող ունենալ գյուղատնտեսական մշակաբույսերի ինքնարժեքի վրա: Բացի այդ, առաջիկայում ակնկալվում է դիզելային վառելիքի գնի որոշակի անկում` պայմանավորված ակցիզային հարկի նվազմամբ: Մենք պետք է սեղմ ժամկետում ամփոփենք կատարված վերլուծություններն ու գնահատականը եւ իրազեկենք այդ մասին գյուղացիական տնտեսություններին, որպեսզի գարնան գյուղատնտեսական աշխատանքներն ընթանան սահուն եւ առանց խնդիրների»,- իր խոսքում մասնավորապես նշել է նախարար Առաքելյանը:
Խորհրդակցության ընթացքում հանձնարարվել է նաեւ առաջիկա շաբաթվա ընթացքում կազմակերպել հանդիպումներ գյուղոլորտի առանձին ճյուղերի արտադրողների հետ` պտուղ-բանջարեղեն եւ կաթնամթերք վերամշակողներ, անասնաբույծներ եւ այլն, շուկայում գնային փոփոխություններին առնչվող հարցերը նրանց հետ եւս քննարկելու նպատակով:



























