Մարտիրոս Սարյանի, Ալեքսանդր Թամանյանի, Գոհար Գասպարյանի, Հակոբ Հակոբյանի եւ նրանց նման շատերի վերադարձն օրինակ է, թե ինչպե՛ս պետք է վերադառնալ հայրենիք՝ պատրաստված, հավակնոտ ծրագրերով, Հայաստանի վաղվա օրվա հանդեպ մեծ հավատով եւ, ամենակարեւորը` ընդմիշտ: Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանին Հայրենիքի շքանշանի հանձնման եւ մեծարման արարողության ժամանակ ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:

§Հարգարժա՛ն մաեստրո Չեքիջյան,

Հարգելի՛ տիկնայք եւ պարոնայք,

Այսօր մենք մեծարում ենք Հովհաննես Չեքիջյանին, ով արժանացավ Հայաստանի Հանրապետության ազգային հերոսի կոչման եւ ում այսօր պատիվ ունեմ հանձնելու Հայրենիքի շքանշանը: Սա բարեբախտություն է ինձ համար եւ վստահ եմ՝ բոլորի համար, քանի որ մեզ վիճակվել է լինել Հովհաննես Չեքիջյանի ժամանակակիցը:

Մաեստրո Տիգրան Մանսուրյանն արդեն խոսեց մեր հերոսի անցած ճանապարհի մասին, մեզ դրվագներ պատմեց: Իհարկե, մաեստրո Չեքիջյանի մասին խոսելը եւ՛ հեշտ է, եւ՛ դժվար:

Հեշտ է, քանի որ նա ապրել է բացառիկ հարուստ եւ արգասաբեր ստեղծագործական կյանք, անցել է մի ուղի, որ արժանի է հիացմունքի եւ երախտագիտու-թյան: Հեշտ է նրան ներկայացնելը, քանի որ նա ինքն իրեն վաղուց ներկայացրել է թե՛ մեզ, եւ թե՛ ողջ աշխարհին:

Այդուհանդերձ, դժվար է ներկայացնել մաեստրո Հովհաննես Չեքիջյանին, քանի որ գրեթե անհնար է բացատրել այն հսկայական էներգիան, որ առկա է այս ազնիվ մտավորականի մեջ: Այդ էներգիան, որ շռայլորեն եւ անսպառ կերպով բաշխում է իր շրջապատին, բխում է նրանից արդեն տասնամյակներ շարունակ: Այդ էներգիան բխում է՝ իր շուրջը տարածելով բարին ու գեղեցիկը, մարդկայինն ու հավերժականը, այն լավագույնը, որ ազգային է եւ միաժամանակ համամարդկային:

Սիրելի՛ բարեկամներ,

Հայաստանի ժողովրդի մի զգալի մասը հայրենադարձներ են կամ նրանց սերունդներ: Սա շատ ընդգրկուն թեմա է, եւ հիմա, թերեւս, դրա շուրջ չեմ ծավալվի: Միայն նշեմ, որ հայրենադարձները շատ բան են բերել Հայաստան` սկսած մեր առօրյայից ու կենցաղից:

Նրանց շարքում եղել են բացառիկ մտավորականներ, որոնք իրենք իրենցով մարմնավորել են մի ողջ դարաշրջան հայ իրականության մեջ: Մարտիրոս Սարյանի, Ալեքսանդր Թամանյանի, Գոհար Գասպարյանի, Հակոբ Հակոբյանի եւ նրանց նման շատերի վերադարձն օրինակ է, թե ինչպե՛ս պետք է վերադառնալ հայրենիք՝ պատրաստված, հավակնոտ ծրագրերով, Հայաստանի վաղվա օրվա հանդեպ մեծ հավատով եւ, ամենակարեւորը` ընդմիշտ: Հովհաննես Չեքիջյանի պարագան այդ բացառիկ օրինակներից է:

Ցանկացած մեծ արվեստագետի ուղին հարթ ու հանգիստ չէ եւ չի էլ կարող այդպիսին լինել: Մենք գիտենք, որ նույնիսկ փոքր հաջողության թիկունքում տարիների քրտնաջան աշխատանք է թաքնված, ստեղծագործական տառապալից, բայց եւ բարեբեր ուղի: Առավել եւս դա վերաբերում է մեծ հաջողություններ արձանագրած անհատներին:

Հայ երգչախմբային արվեստի շռնդալից հաղթանակները աշխարհի ամենահեղինակավոր բեմերում խոսում են Հովհաննես Չեքիջյան արվեստագետի բացառիկ խստապահանջության եւ բարձր չափանիշների մասին: Խոսում են նրա կատարած տիտանական աշխատանքի մասին: Մաեստրո՛, մենք խոնարհվում ենք Ձեր մեծ վաստակի եւ ստեղծագործական սխրանքի առջեւ:

Սիրելի՛ պարոն Չեքիջյան,

Դուք Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը ղեկավարում եք 1961 թվականից: Այսօրվա Հայաստանի քաղաքացիների մի զգալի մասն այն ժամանակ դեռ չէր էլ ծնվել: Սակայն ի պատիվ Ձեզ եւ շնորհիվ Ձեր կատարած հսկայական աշխատանքի՝ Ձեզ գիտեն բոլորը: Եվ թող բոլորն իմանան, որ մենք հենց այսպիսի հերոսներով ենք ներկայանում աշխարհին:

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ հայրենիքի բարձրագույն կոչմանն արժանանալու կապակցությամբ: Մեր ողջ ժողովրդի անունից մաղթում եմ Ձեզ քաջառողջություն եւ նորանոր հաջողություններ Ձեր շնորհակալ գործում: Մաղթում եմ, որ Ձեր կյանքի տասներորդ տասնամյակը լինի ոչ պակաս հագեցած ու արդյունավետ, քան նախորդներն են եղել:

Մենք տեսնում ենք Ձեր մեջ այդ ուժը, այդ էներգիան եւ, որ շատ կարեւոր է, սիրահարվածությունը կյանքին: Սա կարեւոր հանգամանք է: Ապրե՛ք եւ արարե՛ք ի փառս հայ արվեստի:

Կեցցե՜ Հայաստանը, կեցցե՜ն Հայաստանի Հանրապետության հերոսները¦,-ասել է նախագահը: