Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանի հրաժարականից երկու օր անց շրջանառվում է նոր նախարարի թեկնածուների մի ամբողջ ցուցակ։ Թերթի  աղբյուրի տեղեկացմամբ՝ հավակնորդներն իսկապես շատ են, եւ հնարավոր թեկնածուների մեջ կան «հին» անուններ, որոնց նախարար նշանակվելու մասին մամուլն արդեն մի քանի անգամ գրել է. ՕԵԿ կուսակցությանը անդամակցած Էդիկ Մադաթյանը՝ Խուճուճ Էդոն, եւ ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, հիշատակվել էր նաեւ Արտաշատի պահածոների «Արտֆուդ» գործարանի տնօրեն Սերգո Կարապետյանը։

«Նոր» անունների շարքում են գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը, Շիրակի նախկին փոխմարզպետ Սամվել Պետրոսյանը, «Ջրաշխարհի», «Արաքս» թռչնաֆաբրիկայի եւ այլ բիզնեսների սեփականատեր Խաչիկ Խաչատրյանը, ֆինանսների նախարարության աշխատակազմի գնումների գործընթացի կարգավորման եւ բյուջեների կատարման մեթոդաբանության վարչության պետ Կարեն Բրուտյանը։ Ամենաարտառոցն ու անսպասելին, թերեւս, «Քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանի թեկնածությունն է. ըստ լուրերի, քանի որ լրանում է նրա պաշտոնավարման ժամկետը, նրան շտապ պետք է աշխատանքի տեղավորել, եւ հարմար են գտել Բադալյանի ՀՀԿ-ական կրծքանշանը փոխարինել ՕԵԿ կրծքանշանով ու հանձնել գյուղատնտեսության նախարարի աթոռը։