Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը Հանրապետական կուսակցության կողմից նախկինում առաջարկվող տարբերակներից ամենաարժանին է նախագահի թեկնածուի համար: Նման կարծիք հունվարի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Թեւան Պողոսյանը:

Նրա խոսքով՝ խնդիրն այն է, որ Հայաստանում նախագահական ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանի կողմից պետության ղեկավարի պաշտոնի համար առաջարկված թեկնածուին այլընտրանք չի լինի, քանի որ այլ քաղաքական ուժերի թեկնածուներն անգամ չեն կարողանում առաջադրվել խորհրդարանում ձայների բացակայության պատճառով:

«Ապագա նախագահը պետք է ընտրվի և ոչ թե նշանակվի խորհրդարանի կողմից, իսկ ընտրական գործընթացը համատեղ քննարկումներ, բանավեճեր, կարծիքների փոխանակում և ի վերջո մրցակցություն է ներառում»,- նշեց Պողոսյանը: Միեւնույն ժամանակ, ըստ նրա, մի քանի թեկնածուների առաջադրումը հանրությանը հնարավորություն կտար հասկանալ, թե նրանցից որն իրենից ինչ է ներկայացնում և ինչ կարելի է ակնկալել նրանցից:

«Խորհրդարանական կառավարման մոդելի դեպքում նախագահի լիազորությունները շատ սահմանափակ են, ուստի կարեւոր է հաշվի առնել թեկնածուի անձնական հատկությունները, միջազգային ասպարեզում պետությունը ներկայացնելու, տարբեր կողմերի շահերի բախման դեպքում խաղաղապահ գործառույթ իրականացնելու, ճգնաժամային իրավիճակներում հասարակությանը աջակցելու ունակությունները»,- ասաց փորձագետը:

Նրա կարծիքով՝ Արմեն Սարգսյանը իր սեփական փորձով ապացուցել է, որ ի վիճակի է ստանձնել խորհրդարանական հանրապետության նախագահի պարտականությունները. նա երկար ժամանակ դիվանագիտական առաքելություն է իրականացրել, նրա շնորհիվ մի շարք դիվանագիտական առաքելություններ են բացվել, բազմաթիվ ծրագրեր են իրականացվել:

«Հարկ է ենթադրել, որ նա ազնիվ բիզնեսի կողմնակից է, քանի որ բիզնես գործունեություն է ծավալում Եվրոպայում եւ կարող է որոշակի քայլեր ձեռնարկել Հայաստանում մենաշնորհների եւ ստվերային տնտեսության դեմ պայքարում»,- ասաց Թեւան Պողոսյանը: Բացի այդ, Արմեն Սարգսյանը երկար ժամանակ Հայաստանում չի եղել, ինչը թույլ կտա նրան ավելի անաչառ լինել, վստահ է փորձագետը:

Հիշեցնենք, որ Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 19-ին հայտարարել է, որ Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանին առաջարկել է համաձայնել առաջիկա նախագահական ընտրություններին առաջադրվել ՀՀԿ-ի կողմից: