ԱՄՆ-ն, ինչպես նաեւ այլ երկրները, երբեք չեն ճանաչի ԿԺԴՀ-ին որպես միջուկային տերություն: Այս մասին Վիետնամ այցելության ժամանակ իրեն ուղեկցող լրագրողներին ասել է Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մաթիսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Լրագրողները խնդրել են Պաշտպանության նախարարին բացատրել, թե ինչու ավելի վաղ ԱՄՆ այլ վարչակազմերը, օրինակ՝ Պակիստանին կամ Հնդկաստանին ի վերջո ճանաչում էին որպես միջուկային տերություններ, իսկ այժմ Վաշինգթոնը «Հյուսիսային Կորեայի նկատմամբ այս հարցում անզիջում դիրքորոշում է վարում»:

Մաթիսի խոսքով՝ ԿԺԴՀ դեպքում իրավիճակը տարբերվում է նրանով, որ Փհենյանը «խախտում է ՄԱԿ պատժամիջոցները»:

«ՄԱԿ բոլոր երկրները միասնական դիրքորոշում են որդեգրել. միջազգային հանրության անդամներից ոչ մեկը չի ուզում, որ Հյուսիսային Կորեայում միջուկային զենք ունենա», - շարունակել է նա: - Սա Միացյալ Նահանգների, Կորեայի Հանրապետության, Չինաստանի եւ Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումն է: Ես նաեւ կարող եմ ավելացնել, որ Կորեական թերակղզում յուրահատուկ իրավիճակ է: ԿԺԴՀ եւ Կորեայի Հանրապետության միջեւ խաղաղության պայմանագիր չկա, 1950-1953 թվականների Կորեական պատերազմից հետո միայն ժամանակավոր հրադադար է կնքվել»: