Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի գլխավորած «Սիվիլիթաս» հիմնադրամը հաղորդագրություն է տարածել նախօրեին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:
Հաղորդագրության մեջ, մասնավորապես ասվում է.
«Երեկ եւ այսօր մամուլում հրապարակումներ կային «Սիվիլիթաս» հիմնադրամի նախագահ Վարդան Օսկանյանի որդու` Արա Օսկանյանի կողմից 1948 թ. ծնված քաղաքացի Ալեքսանդր Գրիգորյանին վրաերթի ենթարկելու վերաբերյալ: Հայտնում ենք, որ «վրաերթ» որպես այդպիսին տեղի չի ունեցել: Մեքենան ցածր արագության վրա կողքով դիպել է 62-ամյա քաղաքացի Գրիգորյանին, որը վայր է ընկել: Արա Օսկանյանը տուժողին, որը որեւէ մարմնական վնասվածք չի ստացել եւ վստահեցրել է, որ իրեն լավ է զգում, առաջարկել է տեղափոխել տուն: Դեպքի վայր ժամանած ոստիկանը, սակայն, պնդել է, որ, կարգի համաձայն շտապ օգնության մեքենա կանչվի: Շտապ օգնությունը տուժողին տեղափոխել է Մարգարյան բժշկական կենտրոն, որտեղ մոտ 15 րոպե զննություն անցնելուց եւ որեւէ թաքնված վնասվածք չհայտնաբերելուց հետո, քաղաքացի Գրիգորյանը գնացել է տուն: Միջադեպն այսքանով ավարտվել է:
Մնում է հույս ունենալ, որ գործող պետական պաշտոնյաները եւ նրանցից շատերի` ուշադրության շատ ավելի «արժանի» ազգականները նույնպես կլինեն հասարակության ուշադրության կենտրոնում»:
Ինչպես արդեն նշել էր NEWS.am-ը, երեկ՝ դեկտեմբերի 27-ին ժամը 15:30-ի սահմաններում Երեւանի Նալբանդյան փողոցի թիվ 1 շենքի դիմաց 26-ամյա Արա Վարդանի Օսկանյանը իր անձնական օգտագործման «Մերսեդես Բենց» մակնիշի 14 ՏԼ 643 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել մի քաղաքացու, ով տեղափոխվել է թիվ 2 բուժմիավորում:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ Ոստիկանության գլխավոր քննչական վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհա-տրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչները պարզել էին, թե հիվանդանոց տեղափոխվածը 68-ամյա Մաշտոցի 10 շենքի բնակիչ Ալեքսանդր Համբարձումի Գրիգորյանն է: Դեպքի վայրում ՃՏՀ քննության բաժնի քննիչն ու Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել էին «Մերսեդես Բենցի» վարորդին, ով պարզվել է, որ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի որդին է: Ականատեսները հայտնել էին, որ «Մերսեդեսի» վարորդը դեպքի վայրից փախուստի չի դիմել:
«Մերսեդեսը» տեղափոխվել էր Երեւանի Ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակ:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի





























