Այսօր՝ դեկտեմբերի 28-ին Հայաստանի կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն Եվրոպական միության գործիքների արդյունավետ կիրառման վերաբերյալ, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Կառավարության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնել են, որ վարչապետը ՀՀ կառավարության դեկտեմբերի 9-ին կայացած նիստում հանձնարարել էր ՀՀ նախարարների եւ գերատեսչությունների ղեկավարների տեղակալներին` դեկտեմբերի 11-ին մասնակցել Եվրամիության գործիքակազմի վերաբերյալ Քաղաքական եւ իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնի (AEPLAC) եւ ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի կողմից համատեղ կազմակերպված սեմինարին ու արդյունքում ներկայացնել հաշվետվություններ իրենց նախարարությունների եւ գերատեսչությունների կողմից կոնկրետ գործիքների կիրառման վերաբերյալ:

Կառավարության ղեկավարն, անդրադառնալով հարցի կարեւորությանը, մասնավորապես, նշել է.  «Այսօրվա  մեր խորհրդակցությունը  նվիրված է  Եվրոպական միության գործիքների  կիրառման  վերաբերյալ  մեր  պատկերացումներին, այն  սեմինարներին  ու  խորհրդակցություններին,  որոնք անցկացվեցին  Հայաստանում,  որպեսզի  մեր  բոլոր գերատեսչությունները եւ նախարարությունները հստակ պատկերացում  ունենան,  առաջինը`  Ազգային ծրագրով  իրենց ոլորտում  ինչ  խնդիրներ  են  դրված,  եւ  երկրորդ.  Ազգային ծրագրի  միջոցառումներն իրականացնելու ժամանակ ինչպիսի գործիքակազմ է առաջարկվում Եվրամիության կողմից, եւ կոնկրետ նախարարություններն ինչպես կարող են օգտվել այն տեխնիկական, ֆինանսական օժանդակությունից, որ մենք ստանալու ենք: 2011 թվականն այդ առումով մեզ համար պետք է բեկումնային լինի: Մենք պետք է որակական առաջընթաց ապահովենք Եվրամիության հետ մեր հարաբերություններում, եւ այստեղ լուրջ անելիքներ կան»:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը` որպես ԵՄ-ի հետ համագործակցության ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգող գերատեսչության ղեկավար, զեկուցել է Եվրամիության կողմից Ազգային ինդիկատիվ ծրագրով Հայաստանին տրամադրվող աջակցության ծավալի եւ կառուցվածքի մասին: Այնուհետեւ ամփոփ ներկայացվել են սեմինարին մասնակցած պետական պաշտոնյաների հաշվետվությունները:

Հաջորդիվ ծավալվել է մտքերի փոխանակում, որի ընթացքում խորհրդակցության մասնակիցների կողմից ներկայացվել են առաջարկություններ համապատասխան գերատեսչություններում ԵՄ գործիքների արդյունավետ կիրառման առնչությամբ:

Ամփոփելով քննարկման արդյունքները` Տիգրան Սարգսյանը համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին, ինչպես նաեւ հանձնարարել հնչեցված առաջարկությունները երկշաբաթյա ժամկետում գրավոր ներկայացնել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն: