Կանադայի սպորտի եւ սահմանափակ հնարավորություններով անձանց հարցերով նախարար Քենթ Հեյրը իր պաշտոնից հեռացել է այն բանից հետո, երբ մի քանի կանայք պատմել են սեռական ոտնձգությունների մասին, հայտնում է CBC-ն:

Ավելի վաղ մի խումբ կանանց ներկայացուցիչը նախարարին մեղադրել է կանանց նկատմամբ բանավոր ոտնձգությունների մեջ՝ դրանով նրանց ստիպելով նրա ներկայութամբ իրենց անվտանգ չզգալ: Հեռուստաալիքի տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել, երբ Հեյրը 2008-2015 թվականներին Ալբերտի նահանգի օրենսդիր ժողովի անդամ էր:

«Սա իրական սեքս ոտնձգություն է: Ալբերտի օրենսդիր ժողովում իմ աշխատանքային առաջին օրը ինձ զգուշացրեցին հնարվորինս զերծ մնալ Քենթ Հեյրի հետ վերելակում հանդիպելուց: Նա կարող է տարբեր բաներ ասել եւ դրանով ստիպել քեզ անվտանգ չզգալ»,- գրել է կանանցից մեկը:

Նշվում է, որ հրաժարականի մասին որոշումն ընդունվել է վարչապետ Ջաստին Թրյուդոյի հետ զրույցից հետո:

«Ցանկացած կարգի ոտնձգություններն անընդունելի են, եւ կանադացիներն առանց ճնշվածության ապրելու ու աշխատելու իրավունք ունեն… Կարեւոր է այսպիսի պնդումներով հանդես եկող կանանց աջակցելը, եւ սա այն է, ինչը մեր կառավարությունը կանի»,- ասել է Թրյուդոն Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում:

Նշենք, որ Հեյրը սպորտի նախարար էր նշանակվել անցյալ տարվա օգոստոսին: Նախկինում նա ղեկավարում էր վետերանների հարցերով նախարարությունը: