ԵՄ առեւտրի կարգավորման կանոններն ու նորմերը կգործեն Բրիտանիայում Brexit –ին հաջորդող երկամյա անցումային ժամանակաշրջանում, ասվում է բրիտանական կառավարության անդամների բաց նամակում, որն ուղղված է բիզնեսի ներկայացուցիչներին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Նամակը ստորագրել են Միացյալ Թագավորության Ֆիննախի ղեկավար Ֆիլիպ Համմոնդը, ԵՄ-ից դուրս գալու հարցերով նախարար Դեւիդ Դեւիսը ու բիզնեսի հարցերով նախարար Գրեգ Կլարկը։
«Որպեսզի առեւտրի մեր պայմանները անփոփոխ մնան անցումային ժամանակաշրջանում, անհրաժեշտ է, որ դրանց հիմքում լինի ԵՄ-ում գործող նորմերի ու կարգավորման կառուցվածքը։ Որպեսզի այդ ընդհանուր կանոնները արդյունավետ աշխատեն, անհրաժեշտ է, որպեսզի երկու կողմերն էլ շարունակեն պահպանել դրանք։ Մենք այդ նորմերի գործողությունը կերկարաձգենք անցումային ժամանակաշրջանի համար»,- նշվում է փաստաթղթում։
«Բիզնեսը չպետք է մտահոգվի այդ ժամանակաշրջանում գործունեության ոլորտից դուրս մնալու հավանականության մասին։ Մենք մտադիր ենք պահպանել գործող պայմանավորվածությունները տարբեր ոլորտներում՝ ապրանքների մատակարարումից սկսած մինչեւ գյուղատնտեսություն, փոքր բիզնեսից մինչեւ խոշոր։ Մենք կկարողանանք առեւտուր անել ԵՄ-ում այնպես ինչպես հիմա ենք անում»,-ասվում է նամակում։
Նախարարները խոստանում են պայմանավորվել ԵՄ-ի հետ նաեւ Եվրոպայի երկրների հետ ազատ առեւտրի մասին համաձայնագրի կնքման հարցերի շուրջ։
Ենթադրվում է, որ «Բրեքսիթից» հետո ԵՄ-ի ու Միացյալ Թագավորության միջեւ գործելու է անցումային ժամանակաշրջան , որի ընթացքում գործելու են Բրյուսելի ու Լոնդոնի միջեւ առկա համաձայնագրերն ու օրենքները։ Մեծ Բրիտանիան ԵՄ կազմից դուրս կգա 2019-ի մարտի 29-ին։




























