Սուրբ Սարգսի տոնի առթիվ այսօր՝ հունվարի 27-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը պարգեւատրեց մարտական հերթապահություն իրականացնելու ընթացքում առավել աչքի ընկած զինծառայողներին: NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է, որ պարգեւատրման արարողությանը ներկա են եղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Արարողությանը մասնակցում էին նաեւ զինծառայողների ծնողները:

Նշենք, որ զինծառայողների պարգեւատրումն իրականացվում է երրորդ անգամ. այս տարի Ս. Սարգիս զորավարի խորհրդանշական խաչ-զարդապատկերով պարգեւատրվեց 22 զինծառայող:

Նախագահ Սերժ Սարգսյանը ողջունելով զինծառայողներին եւ նրանց ծնողներին, շնորհավորեց բոլորին Սուրբ Սարգսի տոնի առթիվ եւ տեղեկացրեց, որ պարգեւատրված բոլոր ծինզառայողներին տրվում է 10 օր արձակուրդ, որպեսզի «նրանք կարողանան շփվել ծնողների, հարազատների, սիրած էակների հետ եւ նոր ուժով ու եռանդով վերադառնան ծառայության»: