Թուրքական մամուլի զավեշտալի քարոզչության զոհն այս անգամ դարձել է հոլիվուդյան աստղ Բրեդլի Քուփերը։

Թուրքական առաջատար լրատվամիջոցները հրապարակել են տեղեկություն, թե Աֆրինի գործողության ժամանակ սպանվել է քրդական YPG–ի կազմում կռվող ԱՄՆ հատուկ նշանակության ուժերի նախկին զինծառայող Էդդի Բրեգթոնը։ Լուրի հետ միաժամանակ տեղադրված է եղել նաեւ հիշյալ «ահաբեկիչի» լուսանկարը զինվորական համազգեստով։

Այս լուրը մեծ արձագանք է գտել համացանցում։ Նույնիսկ  Մերձավոր Արեւելքի գծով թուրք վերլուծաբան Բոռա Բայրաքթարն է այն տեղադրել իր էջում։

Ավելի ուշ պարզվել է, որ հիշյալ լուսանկարը վերցված է ամերիկյան հայտնի «Ամերիկյան դիպուկահար» ֆիլմից։ Լուսանկարում էլ ֆիլմի գլխավոր դերասան Բրեդլի Քուփերն է։

Սոցկայքերի թուրք օգտատերերը մեծ աղմկուկ են բարձրացրել իրենց կեղծ ու հիմար քարոզչությամբ սնելու համար եւ պահանջում են լրատվամիջոցներին վերջ տալ զավեշտալի ու չափը անցնող կեղծ քարոզչությանը։

Ավելի վաղ, կրկին թուրքական հայտնի լրատվամիջոցներով տեսագրություն էր ցուցադրվել իբր Աֆրինի թեժ գործողությունից, որն էլ պարզվել էր համակարգչային հայտնի Medal of honor խաղից մի հատված է եղել։