Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կիրակի հայտարարել է, որ կառավարությունը պատրաստ է Դոմինիկյան հանրապետությունում վերսկսվող բանակցությունների շրջանակում ընդդիմության հետ համաձայնագիր ստորագրել, հայտնում է Universal պորտալը:

«Այսօր գիշերը Վենեսուելայի կառավարության եւ ընդդիմության միջեւ երկխոսությունը սկսվում է, որ գտնենք խաղաղության եւ համագոյակցության ճանապարհը: Այս պատճառով ես, որպես պետության ղեկավար, ասում եմ՝ Վենեսուելայի կառավարությունը պատրաստ է ընդդիմության հետ համաձայնագիր ստորագրել»,- հայտարարել է Մադուրուն:

Երկրի նախագահը հույս է հայտնել, որ ընդդիմության պատվիրակությունը Սանտո Դոմինգո կժամանի եւ կմասնակցի բանակցություններին: «Բացի ընդդիմությանը քննադատելուց, ես նաեւ երկրում խաղաղության համար համաձայնագրի հասնելու պարտավորություն ունեմ»,- ասել է Մադուրոն:

Ավելի վաղ ընդդիմությունը բանակցություններին մասնակցելու պատրաստակամություն էր հայտնել, սակայն մի շարք պայմաններ էր առաջ քաշել՝ հավասարակշռված Ազգային ընտրական խորհրդի ստեղծում, ընտրություններին միջազգային դիտորդների մասնակցություն, երկրից դուրս ապրող վենեսուելացիներին քվեարկելու իրավունքի տրամադրում, ընդդիմադիրներին քաղաքական պայքարին մասնակցելու իրավունքից զրկելու վերանայում եւ նախընտրական քարոզչության հավասար իրավունքներ: