Սվերդլովսկի շրջանում 1.6 կգ քաշով եզակի զմրուխտ է գտնվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ըստ Գոխրանի (Թանկարժեք մետաղների ու քարերի պետական հիմնադրամի ձեւավորման հարցերով պետհաստատություն) նախնական գնահատականի` կիսաթափանցիկ բաց կանաչ քարի արժեքը 4 միլիոն ռուբլուց ավել է: Զմրուխտը դեռ անուն չունի: Թանկարժեք քարը հայտնաբերվել է Մալիշեւյան հանքավայրի պատի մեջ:

«Բյուրեղը ժամանակին նկատել եւ բարձրացրել են մակերեսի վրա՝ պահպանելով այն իր սկզբնական ձեւով: Սա խոսում է մեր աշխատակիցների բարձր պրոֆեսիոնալիզմի եւ կազմակերպված աշխատանքի մասին: Դրա համար նրանք արդեն իսկ պարգեւատրումներ են ստացել», - նշել է հանքավայրի տնօրեն Եվգենի Վասիլեւսկին: