2017 թվականին գործնական քայլեր են ձեռնարկվել Մերձավոր եւ Միջին Արեւելքի տարածաշրջանի երկրների հետ համագործակցության զարգացման ուղղությամբ։ Այս մասին նշվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության 2017 թվականի ընթացքում գործունեության վերաբերյալ ամենամյա հաշվետվության մեջ:

Տարածաշրջանի երկրների հետ ստորագրվել է ավելի քան մեկ տասնյակ փաստաթուղթ: Մերձավոր Արեւելքի ազգային եւ կրոնական փոքրամասնությունների իրավունքները, նրանց ինքնության պաշտպանությանը վերաբերող հարցերը մշտապես գտնվել են Հայաստանի ուշադրության կենտրոնում։

Շարունակվել են զարգանալ հայ-լիբանանյան ​հարաբերությունները տարբեր ոլորտներում: Ապրիլին կայացել է Լիբանանի պլանավորման հարցերով պետական նախարար Միշել Ֆարաոնի այցը Հայաստան։

Մայիսին Կահիրեում տեղի է ունեցել հայ-եգիպտական ​Տեղեկատվական տեխնոլոգիաների ֆորումը: Հունիսին մեկնարկել են կանոնավոր չվերթները Շարմ էլ Շեյխից եւ Հուրգադայից դեպի Երեւան։

Սեպտեմբերի 29-ին Երեւանում գումարվել է հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի 5-րդ նիստը, որի շրջանակներում տեղի է ունեցել հայ-եգիպտական համատեղ գործարար համաժողովը։ Ստորագրվել է յոթ փաստաթուղթ:

Հայաստանը շարունակել է մարդասիրական օգնության տրամադրումը Սիրիայի ժողովրդին: ՀՀ Նախագահի հանձնարարությամբ փետրվարի 14-ին եւ 17-ին, հունիսի 7-ին եւ 8-ին շուրջ 80 տոննա մարդասիրական օգնություն է առաքվել Սիրիա:

Հալեպում շարունակել է գործել միակ օտարերկրյա ներկայացուցչությունը՝ ՀՀ գլխավոր հյուպատոսությունը:

Հունիսին մեկնարկել է Դամասկոս-Երեւան-Դամասկոս կանոնավոր չվերթը: Օգոստոսին Հայաստանը մասնակցել է Դամասկոսի միջազգային տնտեսական 59-րդ ցուցահանդեսին:

Մարտի 21-ից 22-ը Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այց է կատարել Արաբական Միացյալ Էմիրություններ​` մասնակցելու Աբու Դաբիում անցկացվող «Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ» ներդրումային համաժողովին: Նախագահն Աբու Դաբիում հանդիպում է ունեցել ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, պաշտպանության նախարար, Դուբայի կառավարիչ Շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումի հետ:

Հուլիսի 18-ին Հայաստան պաշտոնական այց է կատարել ԱՄԷ արտաքին գործերի եւ միջազգային համագործակցության նախարար Շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը, ով հանդիպել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Դուբայ քաղաքում հիմնվել է ՀՀ գլխավոր հյուպատոսություն:

2017թ. մայիսի 14-ից 16-ը կայացել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Կատար​, որի ընթացքում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ: Հունիսի 18-ին Կատար աշխատանքային այց է կատարել Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ հանդիպել Կատարի ԱԳ նախարար Շեյխ Մոհամեդ բեն Աբդուլռահման Ալ-Թանիին: Նախարարները հանդիպել են նաեւ փետրվարին՝ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում։

Տեղի են ունեցել Հայաստանի եւ Իրաքի ​միջեւ տարբեր մակարդակների մի շարք փոխայցելություններ:

Փետրվարի 17-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Մյունխենում հանդիպել է Իրաքյան Քրդստանի​ նախագահ Մասուդ Բարզանիին:

Սեպտեմբերի 25-ին՝ Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Իրաքի ԱԳ նախարար Իբրահիմ ալ-Ջաաֆարիին։

Սեպտեմբերի 25-26–ը Երեւանում տեղի է ունեցել հայ–իրաքյան միջկառավարական հանձնաժողովի չորրորդ նիստը: Նիստի ավարտին ստորագրվել է երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ արձանագրություն:

Հոկտեմբերի 30–ից նոյեմբերի 4–ը Երեւան է այցելել Իրաքի խորհրդարանի պատվիրակությունը:

Նոյեմբերի 5-ից 7-ը Մասկատում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի եւ Օմանի ​արտաքին գործերի նախարարությունների միջեւ։