Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանը բոլոր տեսանկյուններից ստացված էր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը:
Նա առաջին հերթին առանձնացրեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցը եւ ելույթը ԵԽԽՎ-ում, հարց ու պատասխանի ընթացքում հնչած շեշտադրումները բոլոր կարեւոր հարցերի վերաբերյալ՝ թե արտաքին, թե ներքաղաքական հարցերի:
«Խոսքը վերաբերում է ԼՂ հակամարտության կարգավորմանը, Ադրբեջանի պատվիրակի պատասխանին, կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի ստանձնած պարտավորություններին, Հայաստանի որդեգրած եվրոպական քաղաքական ուղու շարունակությանը եւ այլն: Կարող եմ ասել, որ ԵԽԽՎ պատվիրակներն, ըստ էության, Հայաստանին ընկալում են որպես վստահելի եւ հավասարը հավասարի հետ գործընկեր, որտեղ Հայաստանն ունի իր ուրույն դերը Եվրոպայի քարտեզի մեջ»,-ընդգծեց Արփինե Հովհաննիսյանը՝ հիշեցնելով, որ Հայաստանը միակ պետությունն է, որն ունի պայմանագիր թե ԵՏՄ-ի, թե ԵՄ-ի հետ:
Որպես դրական զարգացում հայկական պատվիրակության ղեկավարը նշեց, որ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում ընդունվեցին զեկույցներ, որտեղ առկա հակահայկական բոլոր ձեւակերպումները հանվել էին, որը մեր երկարածավալ աշխատանքի արդյունք էր: «Չափազանց կարեւոր էր մեզ համար այս ժամանակահատվածում չխոսել, չաղաղակել, չգովազդել, այլ աշխատել, որը տվեց իր արդյունքները»:
Անդրադառնալով ԵԽԽՎ նախագահի պաշտոնում Միկելե Նիոկլետտիի ընտրությանը, Արփինե Հովհաննիսյանը նկատեց. «ԵԽԽՎ նոր ղեկավար կազմը որեւէ պարագայում չի շարունակի Պեդրո Ագրամունտի քաղաքական գիծը, եթե, իհարկե, վերջինս քաղաքական գիծ ունեցել է, որովհետեւ ի սկզբանե կատարում էր Ադրբեջանի պատվերը: ԵԽԽՎ նոր նախագահն աչքի է ընկնում իր զսպվածությամբ, անկողմնակալությամբ եւ առհասարակ, իր դիրքորոշումը պետք է հավատարիմ լինի Մինսկի խմբի ձեւաչափում ԼՂ հակամարտությունը կարգավորելու տեսանկյունից: Մնացած հարցերում եւս նա կողմնակից է շահերի հավասարակշռման, որեւէ պատվիրակության առավելություն չտալու սկզբունքին»:
Ինչ վերաբերում է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ակնկալիքներին՝ ԵԽԽՎ պատգամավորների կոռուպցիոն սկանդալների հետ կապված, արդյոք այսուհետ ԵԽԽՎ-ն անմասն կմնա նման անցանկալի դրսեւորումներից, Արփինե Հովհաննիսյանն ասաց. «Առաջին հերթին ակնկալում ենք ստեղծված հակակոռուպցիոն անկախ մարմնի զեկույցի հրապարակմանը, որը պետք է տեղի ունենա ապրիլին: Ինչ վերաբերում է այլ դեպքերի, սկանդալների, երբեք չես կարող բացառել, որ այդպիսի դեպքեր չեն կարող լինել, մարդիկ փոխվում են, պատվիրակություններ են փոխվում՝ կան տարբեր շահեր, այնպես որ պետք է միշտ անաչառ լինել եւ աշխատել»:




























