ԵՊՀ գիտխորհրդի անդամներից շատերն ՀՀԿ-ի կողմից երկրի նախագահ առաջադրվելու առաջարկություն ստացած Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը նրան խնդրել են ընդունել ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրվելու առաջարկությունը: Այս մասին այսօր՝ հունվարի 31-ին, հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանը. «Շատերն անթաքույց դիմեցին եւ խնդրեցին, որ նա տա իր համաձայնությունը»:
Դեկանը նաեւ նշեց, որ Արմեն Սարգսյանի հետ հանդիպումից հետո գիտխորհրդի անդամները ոգեշնչված են եղել. «Այսօր հանդիպումը նախագահի թեկնածուի հետ չէր, այլ՝ ընկերոջ: Մի քիչ շեղվեցինք, մենք սկսեցինք հարցեր տալ իրեն: Նա բավարարված էր հարցերից: Շատ կարեւորում էր Հայաստան-Սփյուռք հարաբերությունները, օրենքի ընդունման մեխանիզմները, թե ինչպես է պատկերացնում, իհարկե, եթե համաձայնի առաջադրել իր թեկնածությունը»,-ասաց նա:
Նշենք, որ Արմեն Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպումից խուսափեց. նա ԵՊՀ շենք եկավ հայտարարված ժամից շուտ եւ դուրս եկավ ետնամուտքով: Չնայած ի սկզբանե ասված էր, որ համալսարականների հետ հանդիպումը փակ է լինելու, սակայն, կազմակերպիչները թույլ էին տվել հանդիպմանը մասնակցել երկու լրատվամիջոցի՝ մյուսների մուտքը արգելելով ԵՊՀ շենք: ԵՊՀ լրատվական ծառայության ղեկավար Կարեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ քննարկմանը լրատվամիջոցների մասնակցության հարցի հետ ԵՊՀ-ն որեւիցե առնչություն չի ունեցել եւ թե ինչպես է որոշվել փակ հանդիպմանը թույլ տալ երկու լրատվամիջոցի մասնակցությունը՝ տեղեկություններ չունի:



























