Եթե մենք նպատակադրվեինք կարել որեւէ համակարգ այս կամ այն անձի համար, եթե նման դրդապատճառներ ունենայինք՝ Սահմանադրությունը փոխել ընդհանրապես պետք չէր: Այս մասին, այսօր՝ փետրվարի 1-ին, կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:
Դիտարկմանը, թե քանի որ օրենքով նախատեսվում է, որ վարչապետի նստավայրը պետք է լինի Բաղրամյան 26-ը, արդյոք այսկերպ չի՞ կանխորոշվում, որ Սերժ Սարգսյանի համար է Սահմանադրությունը փոխվել, որ նա մնա Բաղրամյան 26-ում, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Ենթադրենք, Դուք եք ընտրվել վարչապետ, եւ Սերժ Սարգսյանը չի ընտրվել վարչապետ ու որոշում է չշարունակել պաշտոնավորել, այնուամենայնիվ, Բաղրամյան 26-ը շենք է, որը հատուկ հարմարեցված է ծառայելու մի շարք նպատակների, որոնք բնորոշ են գործադիր իշխանության ղեկավարին: Դա է պատճառը, որ Բաղրամյան 26-ը կապ չունի՝ թեկնածուն Սերժ Սարգսյանն է, թե այլ անձ, նախատեսվում է որպես վարչապետի մշտական նստավայր»:
Դավիթ Հարությունյանը նաեւ նշեց. «Եթե մենք նպատակադրվեինք կարել որեւէ համակարգ այս կամ այն անձի համար, եթե նման սխալ դրդապատճառներ ունենայինք՝ Սահմանադրությունը փոխել ընդհանրապես պետք չէր»: Նա պարզաբանեց, որ այսօր ուժային կառույցները ենթարկվում են նախագահին, հարցերը կանոնակարգվում են նրա հրամանագրով եւ ՀՀ նախագահը պաշտոնավարում է անփոփոխ 5 տարի ժամանակով, իսկ նոր համակարգի պայմաններում, վարչապետը կարող է փոխվել, եթե ԱԺ մեծամասնությունը համարի դա անհրաժեշտ. «Այսօր ՀՀ նախագահը ունի՞ արդյոք պատասխանատվություն ուժային կառույցների աշխատանքի համար: Սկզբունքորեն, բանավոր ունի, ու որեւէ մեխանիզմ չկա, որովհետեւ նա ընտրվում է անփոփոխ 5 տարի ժամկետով»,-ասաց նա:
Նշենք, որ ըստ ընդդիմադիր մի շարք ուժերի, Սերժ Սարգսյանը նախաձեռնեց անցումը խորհրդարանական համակարգի, որպեսզի կարողանա շարունակել պաշտոնավարումը վարչապետի պաշտոնում: Իսկ նախագահական համակարգի դեպքում նա ապրիլի 9-ից հետո պետք է հեռանար ՀՀ նախագահի պաշտոնից ու եթե անգամ զբաղեցներ վարչապետի պաշտոնը, նա չէր լինի երկրի թիվ մեկ պաշտոնյան:



























