The Economic Intelligence Unit's կազմակերպության կողմից հրապարակված Ժողովրդավարության տարեկան ինդեքսի (Index of Democracy 2017) համաձայն, աշխարհի բնակչության միայն 5 տոկոսն է ապրում «լրիվ ժողովրդավարության» պայմաններում (19 երկիր): Սա 2010 թվականից սկսած ամենավատ ցուցանիշն է: Ընդհանրապես, վերջին տարվա ընթացքում ժողովրդավարության գլոբալ համատեքսում լուրջ հետընթաց է գրանցվել: Հետազոտությունների առարկան է դարձել 165 անկախ երկիր եւ երկու տարածք:
«Լրիվ ժողովրդավարության» պայմաններում ապրող երկրների ցանկում են Նորվեգիան, Իսլանդիան, Շվեդիան, Նոր Զելանդիան, Դանիան, Իռլանդիան, Կանադան, Ավստրալիան, Ֆինլանդիան ու Շվեյցարիան:
«անբավարար ժողովրդեվարությամբ» երկրների թիվը 57 է, «հիբրիդային ռեժիմով» երկրների ցանկում է 39 երկիր, իսկ «ավտորիտար ռեժիմով» երկրների թիվը 52 է:
Հայաստանը եւ Վրաստանը այդ ցանկում զբաղեցրել են համապատասխանաբար 111-րդ եւ 79-րդ տեղերը, տեղ գրավելով «հիբրիդային երկրների» շարքում:
Հիշեցնենք, որ Հայաստանը երկու տարի առաջ՝ 2015-ին այդ աղյուսակում 113-րդն էր:
Ադրբեջանը զբաղեցրել է 148-րդ տեղը եւ համարվել «ավտորիտար երկիր»: Նման երկիր է համարվել նաեւ Ռուսաստանը, որը զբաղեցրել է աղյուսակի 135-րդ հորիզոնականը:
Այս զեկույցում առանձին տեղ է զբաղեցնում մամուլի ազատության ոլորտում արձանագրված հետընթացին:
Մասնավորապես, Ազատության ինդեքսում Հայաստանը զբաղեցրել է 109-րդ հորիզոնականը՝ համարվելով «հիմնականում անազատ» երկիր: Վրաստանը զբաղեցրել է 49-րդ տեղը՝ համարվելով «մասնակի ազատ» երկիր:
Ադրբեջանը զբաղեցրել է 154-րդ տեղը՝ ներառվելով «անազատ երկրների» խմբում: Այդ նույն խմբում է նաեւ Ռուսաստանը (139-րդ տեղ):
Նշենք, որ Ժողովրդավարության ինդեքսի հաշվարկման համար հիմք են հանդիսացել 5 չափանիշներ՝ ընտրական գործընթաց եւ բազմակարծություն, քաղաքացիական ազատությունները, կառավարության գործունեություն, քաղաքական գործընթացներում մասնակցություն, քաղաքական մշակույթ:



























