Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առեւտրի նախարարությունն ԱՄՆ-ին կոչ է արել չքաղաքականացնել երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական հարցերը այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մատնանշել է Չինաստանին ու Ռուսաստանին որպես մրցակիցներ, որոնք մարտահրավեր են նետել ԱՄՆ շահերին, տնտեսությանն ու արժեքներին, փոխանցում է «Սինհուա»-ն։

«Առեւտրի ոլորտում մենք հակված ենք ԱՄՆ-ին դիտարկել որպես մեր գործընկերոջ»,-մամուլի ասուլիսի ժամանակ ասել է նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գաո Ֆեն։ Նա կոչ է արել ԱՄՆ-ին հրաժարվել «սառը պատերազմի» մտածելակերպից՝ երկկողմ հարաբերությունները ճիշտ ուղղությամբ զարգացնելու համար։

Նա ընդգծել է, որ արդար առեւտուրը պետք է հիմնված լինի միջազգային կանոների, ոչ թե միակողմանի չափանիշների վրա։ Նա հավելել է նաեւ, որ փոխշահավետ առեւտրի համար ԱՄՆ-ում պետք է դադարեն դիտարկել առեւտուրը որպես «զրոյական հանրագումարով խաղ»։

Գաո Ֆեն շեշտել է չին-ամերիկյան առեւտրային կապերի փոխշահավետ դինամիկան, քանի որ երկու երկրներն իրար համար դարձել են կարեւոր առեւտրային գործընկերներ եւ ներդրողներ։

Նշենք, որ 2017 թվականին Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ առեւտրի ծավալը կազմել է 580 մլրդ դոլար։