Apple-ի հիմնադիրներից Սթիվ Ջոբսի այրին՝ Լորեն Փաուել Ջոբսը, BuzzFeed-ի գլխավոր խմբագիր Բեն Սմիթի հետ քննարկել է ընկերության լրատվական ստորաբաժանումում՝ BuzzFeed News-ում ներդրում կատարելու հնարավորությունը, հայտնում է Financial Times-ը՝ վկայակոչելով բանակցություններին լավատեղյակ 2 աղբյուրների:
Պարբերականի զրուցակիցներն ընդգծել են, որ բանակցությունները վաղ փուլում են, եւ հավանականությունը, որ գործարքը չի կնքվի, բացառված չէ: BuzzFeed-ը եւ Ջոբսի այրու Emerson Collective ընկերությունը մեկնաբանություններ կատարելուց հրաժարվել են:
Պարբերականը հայտնում է, որ վերջին շրջանում BuzzFeed-ի բիզնեսը դժվարությունների է բախվել, ընկերությունը ստիպված էր Լոնդոնում եւ Նյու Յորքում անձնակազմի կրճատման դիմել: Կոնտենտի տարածման մոդելը հենվում է սոցցանցերի վրա, եւ նրան «հարվածել» են Facebook-ի լրահոսը ձեւավորող ալգորիթմի պարամետրերը: Հունվարին սոցցանցը օգտատիրոջ լրահոսում առավելությունը տալիս է ընկերների եւ ազգականների գրառումներին:




























