Ալմաթիում տեղի ունեցած փոքր երկրաշարժը «աստվածային նշան» է Բելառուսի համար, կատակով հայտարարել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո, փոխանցում է «ՌԲԿ»-ն:

«Հարգելի գործընկերներ, մենք ստորագրել ենք բոլոր փաստաթղթերը: Այսօր մեր հանդիպումը կայացավ ջերմ մթնոլորտում, որն ուղեկցվեց փոքր երկրաշարժով: Ինչպես արդարացիորեն նկատեցին իմ գործընկերները, երկրաշարժը տեղի է ունեցել Բելառուսի Հանրապետության նախարարների խորհրդի թիվ 666 բանաձեւի քննարկման պահին: Սա դաս է բոլորիս համար, իսկ Բելառուսի Հանրապետության համար՝ նշան, Աստծո կողմից ազդանշան»,- «ՌԻԱ Նովոստի»-ն մեջբերում է Մեդվեդեւի խոսքերը:

Մեդվեդեւը չի մանրամասնել, թե ինչ փաստաթղթի մասին է խոսքը, սակայն բնութագրել է այն որպես հրաման, որը սահմանափակումներ է նախատեսում ապրանքների միջազգային տեղափոխումների վերաբերյալ: