ԱՄՆ իշխանությունները մեղադրանքներ են առաջադրել առեւտրականին, որը զրահահար փամփուշտ էր վաճառել Սթիվեն Փեդոքին՝ 2017-ի հոկտեմբերին Լաս Վեգասում տեղի ունեցած երկրի պատմության մեջ ամենաարյունալի հրաձգության մեղավորին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Associated Press գործակալությունը։
Արիզոնա նահանգի բնակիչ Դուգլաս Հեյգը արդեն հարցաքննվել է իրավապահ մարմինների կողմից։ Իշխանությունների տվյալներով, նա պատրաստում ու վաճառում էր զինամթերքները՝ չունենալով համապատասխան արտոնագիր։ Քննիչները Հեյգի մատնահետքերն են հայտնաբերել նշված փամփուշտների վրա։
Անցած տարվա հոկտեմբերին Փեդոքը Լաս Վեգասում հյուրանոցի 32-րդ հարկից կրակ էր բացել երաժշտական փառատոնի հյուրերի վրա, սպանելով 58 , վիրավորելով 520 մարդու։
Փեդոքը ինքնասպան էր եղել մինչեւ ոստիկանության ժամանումը։
Հեյգը լրագրողներին հայտնել է, որ տեղի ունեցածի համար իրեն պատասխանատու չի համարում։ Առեւտրականի խոսքով՝ զրահահար փամփուշտների վաճառքը իր համար սովորական բան էր, իսկ Փեդոքը կասկածելի չէր թվացել իրեն։




























