Շրջանցելով ԱՄՆ պատժամիջոցները՝ Հյուսիսային Կորեան 2017-ին վաստակել է գրեթե 200 մլն դոլար՝ արգելված ապրանքների արտահանումից։
Մասնավորապես ԿԺԴՀ-ն զենք էր մատակարարում ՍԻրիա ու Մյանմար, նաեւ վաճառում էր ածուխ, հայտնում է Reuters-ը վկայակոչելով ՄԱԿ անկախ փորձագետների գաղտնի զեկույցը։
Զեկույցում ասվում է, որ Հյուսիսային Կորեան ածուխ է մատակարարել Ռուսաստանի, Չինաստանի, Մալայզիայի, Վիետնամի ու Հարավային Կորեայի նավահանգիստներ։ Հիմնականում այդ նպատակների համար իշխանությունները օգտագործել են կեղծ փաստաթղթեր, որտեղ նշված է եղել, որ ածուխի ծագման երկիրը Ռուսաստանը կամ Չինաստանն է։
Բացի դրանից, ըստ ՄԱԿ հետաքննության, 2012-2017 թթ Հյուսիսային Կորեան ավելի քան 40 չհայտարարագրված բեռ է ուղարկել, որոնք նախատեսված էին Սիրիայում գիտական կենտրոնի համար, որը վերահսկում է երկրում քիմիական զենքի ծրագիրը։ Երկու բեռ հայտնաբերել էին նշված երկրների ծառայությունները։ Հայտնում են, որ դրանք պարունակում էին թթվի ազդեցության հանդեպ կայուն սալիկ, որը կարելի է օգտագործել քիմիական խոշոր ձեռնարկության կառուցման համար։
Զեկույցում նաեւ ասվում է, որ Հյուսիսային Կորեան Մյանմար է մատակարարել բալիստիկ հրթիռներ։ Մասնավորապես արտահանվել են «հող-օդ» հրթիռներ։
Ավելի վաղ արդեն հայտնել էին , որ ԿԺԴՀ-ն առնվազն երեք անգամ ածուխ է մատակարարել Ռուսաստան, որը հետո տեղափոխվել է Հարավային Կորեա ու Ճապոնիա։ Փհենյանում ՌԴ դեսպանատանը հայտնել են, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։




























