Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակում նշել են ինժեներական զորքերի ստեղծման օրը։ Ըստ ԼՂՀ Պաշտպանության բանակի ինժեներային ծառայության պետ գնդապետ Կարեն Թովմասյանի, ծառայությունը ձեւավորվել է ռազմական գործողությունների ընթացքում։ Սկզբում ստեղծվել են առանձին վաշտերը, որոնց հիման վրա էլ արդյունքում ձեւավորվել է զորամասը։ Այսօր բանակային զորամիավորումներում ու զորամասերում գործում են ինժեներական ստորաբաժանումներ, որոնք, Կարեն Թովմասյանի հավաստմամբ, իրենց առջեւ դրված խնդիրները լուծում են արհեստավարժ ու բարձր մակարդակով։
Շարունակվում է առաջնային գծի ինժեներական շինությունների ամրացումը, իրականացվել են հակառակորդի հրասայլերին ու հետեւակին հակազդելու շուրջ անհրաժեշտ միջոցառումներ եւ հակաականային համալիր գործողություններ։
Կարեն Թովմասյանը նշել է, որ տարեցտարի կատարելագործվում է ինժեներային զորքերի մարտական պատրաստվածությունը եւ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում նրանք պատրաստ են կատարել իրենց պարտականությունները։



























