Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի պաշտոնանկությունը լուրջ վերադասավորումների առիթ է տվել Հանրապետական կուսակցությունում: Մասնավորապես, մեր տեղեկություններով, հանրապետականում ակտիվանալու աննախադեպ հակումներ է դրսեւորում Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, որին հրաշալի առիթ է ստեղծվել կուսակցությունն իրենով անելու համար:

Վերջին մի քանի օրերին Աբրահամյանը, բանուգործը թողած, զբաղվում է ակտիվ «կուսակցաշինությամբ», իսկ իրականում պատրաստվում է առաջիկա ընտրություններին՝ հույսեր փայփայելով, որ հենց ինքն է գլխավորելու Հանրապետականի ընտրացուցակը: Այդ նպատակին հասնելու համար նա առավել օգտագործում է քարոզչական հնարքները՝ ՀՀԿ-ում իր կշիռը բարձրացնելու նպատակով: Հատկապես, որ ՀՀԿ-ում արդեն ներքին, լուռ պայքար է ընթանում ընտրացուցակի հորիզոնականներում հայտնվելու համար:

Օրերս Աբրահամյանն իր մոտ է հավաքել Երեւանի վարչական շրջանների հանրապետական ղեկավարներին եւ նրանց հանձնարարություններ տվել՝ առաջիկա ընտրություններին ընդառաջ: Ավելին, Աբրահամյանը բառացի հայտարարել է, թե Երեւանի նորընտիր քաղաքապետ Կարեն Կարապետյանը զբաղվելու է միայն Երեւանի խնդիրներով, իսկ կուսակցության ակտիվացման գործը վերապահված է իրեն:

Իր կշիռը հանրապետականում ցուցադրելու համար ԱԺ նախագահը նաեւ իր մոտ է հրավիրել ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակայնաին եւ տեղը տեղին նախատել նրան՝ Գագիկ Բեգլարյանի օգտին «դոշ տալու» համար: Հիշեցնենք, որ Գալուստ Սահակյանն իր վերջին ասուլիսներից մեկում հայտարարել էր, թե Բեգլարյանի դեմ քրեական գործ հարուցելու անհրաժեշտություն չկա, իսկ նա քաղաքական որոշում է կայացրել՝ հրաժարական ներկայացնելով:

«Քաղաքական որոշումները քրեական գործընթացներից ավելի կարեւոր են: Բեգլարյանի հրաժարականի հարցը քննարկվել է նախագահի աշխատակազմում, եւ որեւէ ճնշում չի եղել»,- ասել էր Սահակյանը՝ միաժամանակ բարձրաձայնելով, թե ՀՀԿ-ն մեծ կուսակցություն է, եւ այնտեղ կլինեն մարդիկ, ովքեր կարող են «ապուշություններ ասել»՝ պահանջելով Բեգլարյանի դեմ քրգործ հարուցել: Այդկերպ Սահակյանը «բոչկա» էր գլորել մեկ այլ հանրապետական պատգամավորի՝ Ռաֆիկ Պետրոսյանի «բոստանը», եւ Հովիկ Աբրահամյանը, Գրիգորիչին նախատելով, ցանկացել է հանգամանալից բացատրել, թե «ով է հանրապետականի հարց լուծողը»: Առաջիկայում, որոշ տեղեկություններով, Աբրահամյանը մտադիր է իր «դմբուզի» ծանրությունը ցուցադրել  մի շարք ազդեցիկ հանրապետականների՝ կանխելու «խաղեր տալու» նրանց ցանկությունը:

Հովիկ Աբրահամյանը ակնհայտորեն ակտիվանալու փորձեր է ձեռնարկում մեդիա-դաշտում: Հավաստի տեղեկություններով, նա հանձնարարել է ակտիվ աշխատանք տանել լրատվամիջոցների հետ՝ իր PR-ը պատշաճ կերպով կազմակերպելու համար, նաեւ հնարավորինս շատ եթերային րոպեներ «խլել» իր քարոզն անելու համար:

Ազգային ժողովի նախագահն աչքաթող չի արել անգամ իր գիտելիքների մակարդակը բարձրացնելու գործը, եւ սկսել է ակտիվորեն ռուսերեն սովորել: Նա հատուկ դասատու է վարձել եւ օրվա մեջ մի քանի ժամ է ծախսում Դոստոեւվսկու եւ Պուշկինի լեզուն յուրացնելու համար: Գաղտնիք չէ, որ նա խնդիրներ է ունենում հատկապես Ռուսաստանից ժամանած պատվիրակություններին ընդունելու ժամանակ, երբ իր ոչ վարժ ռուսերենի պատճառով երբեմն վատ դրության մեջ է հայտնվում: Եթե հաշվի առնենք հանգամանքը, որ Հովիկ Աբրահամյանը անհագ ցանկություն ունի մտնել ռուսների աչքը, դասատու վարձելու փաստը լիովին տրամաբանական է նրա կողմից:

Ինչեւէ, առայժմ հայտնի չէ, թե ինչով կավարտվեն «նվագախմբի» առաջին ջութակ դառնալու՝ Հովիկ Աբրահամյանի նկրտումները, բայց որ նա լրջորեն է կպել գործին, դա անվիճելի փաստ է:

Արմեն Գեւորգյան

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի