Ֆրանսիայի Լիլ քաղաքում Intermarché ցանցի սուպերմարկետներից մեկը Սիրահարների օրը արտասովոր ակցիա է անցկացնում՝ ղեկավարությունը միայնակ սրտերին առաջարկում է իր կեսին գտնել գնումների զամբյուղների միջոցով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Իսկ դուք գիտե՞ք, որ սուպերմարկետը հանդիպումների 10 առանցքային վայրերից մեկն է: Եթե դուք մենակ եք եւ ցանկանում եք հարազատ հոգի գտնել, համարձակվեք կանաչ զամբյուղ վերցնել»,- իր հաճախորդներին առաջարկում է խանութը:
Սուպերմարկետ մտնելիս հաճախորդները կարող են վերցնել ավանդական նարնջագույն զամբյուղներ կամ «հատուկ»՝ կանաչ: Խանութի ղեկավարությունը կարծում է, որ զամբյուղի գույնը կարող է ծանոթության առիթ դառնալ:
Փետրվարի 14-ին կաթոլիկ եւ բողոքական աշխարհը նշում է Սուրբ Վալենտինի կամ բոլոր սիրահարների օրը:



























