Մաքսային մարմնի կայքում շարունակաբար թարմացվում է շուրջ 250 անուն ապրանքների մաքսային արժեքների, քանակների, ներմուծողների թվի եւ գործարքի գնի մեթոդի կիրառության ծավալի վերաբերյալ կայքում տեղադրված տեղեկատվությունը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 26-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Սամվել Ավետիքյանը:
Նրա խոսքով, ներկրվող ավտոտրանսպորտային միջոցների ուղեկցող բեռների մաքսային ձեւակերպումը նույնպես իրականացվում է ավտոմեքենաների ձեւակերպման վայրերում. «Petekamutner.am կայքում ամեն ամիս հրապարակվում է ՀՀ ներմուծված ապրանքների մաքսային արժեքի որոշման մեթոդներում գործարքի գնի մեթոդի կիրառման տեսակարար կշիռը՝ ըստ առանձին ապրանքատեսակների: Գործարքի գնի մեթոդի կիրառության տեսակարար կշիռը կազմում է 68%»:
2017թ. ընթացքում իրականացված նախաձեռնություններից ՊԵԿ նախագահի առաջին տեղակալն առանձնացրել է «Մաքսային մուտքի անդորրագիր» համակարգի ներդրումը, որի շնորհիվ ֆիզիկական անձինք այլեւս ստիպված չեն վճարել մաքսային միջնորդներին՝ անձնական օգտագործման ապրանքի հայտարարագիր ներկայացնելու համար, քանի որ ձեւակերպումներն իրականացնում են մաքսային ծառայողներն՝ առանց լրացուցիչ վճարի:
Մաքսային ընթացակարգերի ավտոմատացման նպատակով գործարկվել է մաքսային ձեւակերպումների մասնագետի որակավորում չունեցող անձանց՝ մաքսային հայտարարագրման ավտոմատ համակարգ մուտք գործելու կարգը:
Սամվել Ավետիքյանի փոխանցմամբ՝ 2018թ.-ին նախատեսվում է ամբողջովին էլեկտրոնային դարձնել մաքսային հայտարարագրումը, փաստաթղթերի ներկայացումն ու պահպանումը՝ ներդնելով «կանաչ ուղի» ընթացակարգով բաց թողնման ինքնաշխատ համակարգ. «Ռիսկերի կառավարման համակարգի կատարելագործման նպատակով ավելացվելու է «կապույտ ուղի», գարծարկվելու են ՊԵԿ-ում կիրառվող էլեկտրոնային կշեռքների, ռենտգենային դիտարկման սարքավորումների տեսապատկերների մշակման եւ վերլուծության կենտրոնացված համակարգերը, ինչպես նաեւ առցանց տեղորոշվող (GPRS) միջոցների կիրառման մեխանիզմը»:
ՊԵԿ նախագահի առաջին տեղակալը 2018թ.-ի նորույթներից առանձնացրել է նաեւ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների նախնական հայտարարագրումը, նախնական տեղեկատվության ներկայացումը: «Գործարկվելու է ֆիզիկական անձանց անձնական օգտագործման ապրանքների մաքսային ձեւակերպումների ավտոմատացված համակարգը»,-նշել է Սամվել Ավետիքյանը՝ հավելելով, որ մաքսային մարմիններում տեսադիտման, հերթերի սպասարկման հնարավորություն է ապահովվելու, իսկ Petekamutner.am պաշտոնական կայքում հրապարակվելու է երրորդ երկրներից ՀՀ ներմուծված ավտոմեքենաների մաքսային արժեքների վերաբերյալ տեղեկատվությունը:




























