Գերմանական ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» (ԱԳՀ) կուսակցությունը դիտարկում է Եվրամիությանն ու եվրագոտուն Գերմանիայի անդամակցությանը ավանդաբար դեմ արտահայտվելուց հրաժարվելու հնարավորությունը։ Այս մասին ասված է ռազմավարական փաստաթղթում, որին երկուշաբթի ծանոթացել է Reuters գործակալությունը։ Այս առաջարկը շրջադարձային է 2013 թվականին հիմնադրված կուսակցության համար, որն ի սկզբանե ձևավորվել էր որպես արձագանք միասնական արժույթի փրկության քաղաքականությանը։

Փաստաթղթում, որի մասին առաջինը հայտնել էր գերմանական Bild թերթը, ԵՄ-ից կամ եվրոյի գոտուց Գերմանիայի անհապաղ դուրս գալուն կողմ չեն արտահայտվում, այլ առաջարկում են արմատապես բարեփոխել երկու կառույցները։ AfD-ն առաջարկում է Միությունը վերածել «ինքնիշխան ազգերի միության»՝ կրճատելով Բրյուսելի դերն ու ազգային բացառություններ նախատեսելով այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են միգրացիան, եվրոպական ֆինանսները և սոցիալական քաղաքականությունը։

Եթե բարեփոխումները ձախողվեն, կուսակցությունը մտադիր է պահանջել ԵՄ-ին Գերմանիայի անդամակցության հարցով հանրաքվե անցկացնել։ Փաստաթուղթը մշակել են Եվրոպական խորհրդարանի, Բունդեսթագի և դաշնային հողերի խորհրդարանների ԱԳՀ-ական պատգամավորները, և այն քննարկվել է անցյալ ամիս կայացած նիստում։ Քաղաքական ծրագրի ցանկացած փոփոխություն պետք է արժանանա կուսակցության համագումարի հավանությանը։

ԱԳՀ-ն, որը վերջին համապետական ընտրություններում զբաղեցրել էր երկրորդ տեղը կանցլեր Ֆրիդրիխ Մերցի պահպանողականներից հետո, նպատակ ունի իշխանության հասնել մինչև 2029 թվականը։ Այդուհանդերձ, գերմանական հիմնական կուսակցությունները հրաժարվում են համագործակցել այս քաղաքական ուժի հետ, որին ազգային հետախուզական ծառայությունը որակում է որպես աջ ռադիկալ։