«Թեղուտ» ՓԲԸ-ի դեմ պետք է քրեական գործ հարուցվի: Այս մասին փետրվարի 26-ին «Անպատասխանատու լեռնահանքային արդյունաբերություն. Ո՞վ է կկանխի թեղուտյան աղետը եւ կվերականգնի ոչնչացված բնությունը» քննարկման ժամանակ ասաց «Համահայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնության անդամ Լեւոն Գալստյանը:

Բնապահպանի կարծիքով՝ Vallex ընկերությունների խումբը պետք է փոխհատուցի հասցված բնապահպանական վնասը, քանի որ պոչամբարի թափոնները Դեբետ են բաց թողնվել, մինչդեռ «Թեղուտ» ՓԲԸ-ն (մտնում է Vallex ընկերությունների խմբի մեջ) դա կատարելու թույլտվություն չուներ: «Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործումը պետք է ընդմիշտ դադարեցվի»,- շեշտեց Գալստյանը:

Քննարկմանը մասնակցող «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ անդամ Ռաֆայել Աֆրիկյանը տարօրինակ է համարում Vallex ընկերությունների խմբի հայտարարությունը Թեղուտի հանքավայրում ֆինանսական նկատառումներով 1200 աշխատակիցների կրճատման մասին: «Ընկերությունը, որն իրականացնում է 30 մլրդ դոլար արժեքով ծրագրեր, չէր կարող ֆինանսական դժվարություններ ունենալ, հատկապես պղնձի միջազգային գների բարձրացման պարագայում»,- պարզաբանեց նա: ՀԿ անդամը հայտնեց, որ իր ներկայացրած կազմակերպությունը դրոններով  Թեղուտում հետազոտություն է իրականացրել եւ պարզել, որ հանքավայրն իրականում չի շահագործվում, սակայն պոչամբարը մինչեւ եզրերը ջրով է լցված, եւ եթե թեկուզ մի փոքր էլ ավելանա, ամբարտակը կճեղքի: Նա նշեց, որ հետազոտությունների ընթացքում չի հաջողվել պարզել՝ ամբարտակի վրա ճեղք կա՞, թե՞ ոչ, սակայն նկարահանել են ստորգետնյա խողովակ, որով հողաշեղջերի ջրերը Դեբետ են հոսում, ըստ որում խողովակը գործում է միայն գիշերային ժամերին: «Այս մասին մենք հայտնել ենք Շրջակա միջավայրի պահպանության եւ բնօգտագործման դեպարտամենտ, որտեղից մեզ պատասխանել են, որ Դեբետ գետ հողաշեղջերի ջրերի հոսքը դադարեցված է, սակայն տվյալ պահին հետազոտություններ են կատարվում»,- հավելեց ՀԿ անդամը:

Քննարկման մեկ այլ մասնակից՝ «Էկոլոգիական իրավունք» ՀԿ անդամ Արթուր Գրիգորյանը վստահ է, որ Vallex ընկերությունների խմբի եւ հայ պատասխանատու պաշտոնյաների միջեւ կոռուպցիոն համաձայնագիր է ստորագրվել: Նա պայմանագիր ներկայացրեց՝ կնքված հանքավայրը շահագործող ընկերության եւ Էներգետիկ ենթակառուցվածքների ու  բնական պաշարների նախարարության միջեւ, եւ «Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից հանքանյութի արդյունահանման ծավալների մասին փորձագիտական գնահատման արդյունքները: Այս փաստաղթերի համաձայն՝ Թեղուտի հանքավայրում հանքաքարի արդյունահանումը 2014 թվականին կազմել է 25 մլն տոննա, այն դեպքում, որ պոչամբարի ծավալը կազմել է 174 մլն խոր.մետր: «Արդունահանման նման ծավալը չէր կարող պոչամբարը լցնել, ընկերությունն ինչ-որ բան թաքցնում է. կա՛մ պոչամբարը փոքր ծավալ ունի, քան ներկայացված է պաշտոնական փաստաթղթերում, կա՛մ արդյունահանումը մեծ ծավալներով է կատարվել, կա՛մ տեղ է գտել կոռուպցիոն գործարք»,- նշեց Արթուր Գրիգորյանը: Նա շարունակեց, որ բացի դրանից,  ավարտվել է հանքավայրի շահագործման ժամկետը, եւ նոր պայմանագիր չի կնքվել, սակայն պետական մարմինները նույնիսկ ընկերությունից չեն հարցրել, թե ինչ իրավունքով է շարունակում հանքավայրի շահագործումը:

ԱԺ ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանն իր հերթին ընդգծեց, որ իրենք եղել են Թեղուտում, բայց իրենց թույլ չեն տվել մտնել հանքավայրի հարթակ: «Այս գաղտնիությունը մտահոգություններ է առաջացնում: Հանրությունը պետք է իմանա, ինչ է տեղի ունենում, Թեղուտում ինչ խնդիրներ կան՝ բնապահպանական, թե տնտեսական»,- պարզաբանեց նա: Պատգամավորի խոսքով՝ Թեղուտի հանքավայրում երկար ժամանակ բնապահպանական հանցագործություն է կատարվում, ինչի համար ընկերությունը միայն վարչական տուգանքների է ենթարկվում: «Կարծում եմ, որ պետք է հետաքննող հանձնաժողով ստեղծվի՝ պարզելու համար Թեղուտի հանքավայրի շահագործման հետեւանքով բնությանը հասցված վնասը»,- եզրափակեց Նազարյանը: