Նիկոս Անաստասիադիսը երկրորդ ժամկետով ստանձնել է Կիպրոսի նախագահի պաշտոնը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Փետրվարի 4-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Անաստասիադիսը հաղթել էր ձայների 55.99 տոկոսով: Ձախ AKEL կուսակցությունից նրա ընդդիմախոս Ստավրոս Մալասը հավաքել էր ձայների 44.01 տոկոսը:

Նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել խորհրդարանում՝ հանրապետության նախագահի անցած հինգ տարվա ժամկետի ավարտի օրը կայացած նիստի ժամանակ: Միջոցառմանը հրավիրված էին դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, պետական պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ, գործարարներ, հասարակության ներկայացուցիչներ: