ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել է Բելառուսի Հանրապետության արդյունաբերության նախարարի տեղակալ Դմիտրի Կորչիկի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում էին բեռալառուսական տարբեր ընկերությունների ներկայացուցիչներ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-բելառուսական տնտեսական փոխգործակցությանն առնչվող հարցեր։ Կողմերն անդրադարձել են առկա պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, այդ թվում՝ Բելառուսական զարգացման բանկի հետ փոխգործակցությանը։

Նշվել է, որ բանկի ներկայացուցիչները առաջիկա ամիսներին կայցելեն Հայաստան՝ Հայաստանի զարգացման եւ ներդրումների կորպորացիայի հետ փոխգործակցությունն ամրապնդելու նպատակով։

Քննարկվել են նաեւ դեպի երրորդ երկրներ արտահանման հնարավորությունները, «Մեղրի» ազատ տնտեսական գոտու շուրջ ստեղծվող հեռանկարները, արդյունաբերական կոոպերացիաների հիմնումը եւ մի շարք այլ օրակարգային հարցեր։

Սուրեն Կարայանը եւ Դմիտրի Կորչիկը հանդիպման մասնակիցների հետ քննարկել են գործարար պատվիրակության այցի մանրամասները, անհրաժեշտ հանդիպումների կազմակերպմանն առնչվող հարցեր։ Սուրեն Կարայանը նշել է, որ հետեւողական է լինելու այցի ընթացքին եւ հույս հայտնել, որ այն արդյունավետ կլինի հայ-բելառուսական տնտեսական համագործակցությունն ընդլայնելու տեսանկյունից։

Բելառուսից ժամանած գործարարների խմբի համար հանդիպումներ են նախատեսվում պետական գերատեսչություններում եւ մասնավոր ընկերություններում՝ քննարկելու տրանսպորտային միջոցների հավաքման արտադրության, գյուղտեխնիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները։