Թունիսի որոշ քաղաքներում ցուցարարների ու ոստիկանության բախման հետեւանքով տուժածների թիվը հասել է 14-ի: Հուզումներ տեղի են ունեցել նաեւ հարեւան Ալժիրում: Այնտեղ բախումների պատճառով զոհվել է 2 մարդ՝ վիրավոր են հարյուրավորները, գրում է «Ազատություն» ռադիոկայանը:
Թունիսում սոցիալական հողի վրա ցույցեր սկսվել էին դեռ դեկտեմբերի 17-ից: Բողոքավորները հայտնում են, որ բորբոքված են սննդամթերքի գների բարձրացման ու երիտասարդների համար աշխատատեղերի բացակայության պատճառով: Սակայն իրավիճակը առավել սրվել է դեկտեմբերի 19-ին, երբ թունիսցի համալսարանական կրթությամբ մի բնակիչ փորձել է ինքնասպանություն գործել՝ ի նշան գործազրկության դեմ բողոքի, գրում է «Ռիա Նովոստին»: Այդ ընթացքում 18-ամյա մի երիտասարդ զոհվել է կրծքի շրջանում ստացված վերքից. եւս 10 մարդ հրազենային վերքերով տեղափոխվել են հիվանդանոցներ:





























