Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու համար 3 տարի 3 ամսվա ազատազրկման դատապարտված մատուցողուհու դատավճիռը մնաց անփոփոխ: Նման որոշում է կայացրել Վերաքննիչ քրեական դատարանը:
Ըստ մեղադրանքի՝ Կապանում գտնվող հյուրանոցներից մեկի մատուցողուհին 2017թ. հուլիսից մինչեւ սեպտեմբերի 14-ն ընկած ժամանակահատվածում պարբերաբար հյուրանոց է հրավիրել կապանաբնակ մարմնավաճառների, որոնք հյուրանոցի առաջին հարկում գտնվող սենյակներում 10-15 հազար դրամի դիմաց սեռական հարաբերություն են ունեցել հաճախորդների հետ:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում մատուցողուհին իրեն մեղավոր էր ճանաչել եւ միջնորդել դատաքննությունն անցկացնել արագացված կարգով: Դատարանը բավարարել էր միջնորդությունը:
Առաջին ատյանը մատուցողուհուն մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով եւ դատապարտել 3 տարի 3 ամսվա ազատազրկման:
Ամբաստանյալն այնուհետեւ վերաքննիչ բողոք էր ներկայացրել՝ պահանջելով պատիժը պայմանականորեն չկիրառել: Վերաքննիչը, սակայն, օրերս մերժել է ամբաստանյալի եւ նրա պաշտպանի բողոքները:



























