Ամերիկյան կոնգրեսական Դեննի Դեւիսը սպառնալիքներով լի նամակ է ստացել: Նրան սպառնացել են, որ կիսելու է Գաբրիել Գիֆֆորդսի ճակատագիրը, ում գնդակահարել էին ընտրողների հետ հանդիպման ժամանակ:
Ուղերձը հայտնաբերել է Դեւիսի օգնականը էլեկտրոնային փոստում: Այն բաղկացած է եղել մեկ նախադասությունից. «Դեննի Դեւիս, դու հաջորդն ես», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Chicago Tribune թերթը: Նամակն ուղարկված է եղել Չիկագոյից:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Արիզոնա նահանգից դեմոկրատ կոնգրեսական Գաբրիել Գիֆֆորդսի վրա կրակ էին բացել Տուսոն քաղաքում ընտրողների հետ հանդիպմանը: Գիֆֆորդսը գլխի վնասվածքով գտնվում է կոմայի մեջ:
Չարագործը սպանել էր 6 մարդու եւ վիրավորել եւս 11-ին: ԱՄՆ իշխանությունները մեղադրանքներ են ներկայացրել 22-ամյա Ջարեդ Լի Լոֆներին: Եթե նրա մեղքն ապացուցվի, Լոֆներին մահապատիժ է սպառնում:





























