Եվրոպական Միությունը ողջունում է Միացյալ Նահանգների եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդներ Դոնալդ Թրամփի եւ Կիմ Չեն Ընի երկկողմ հանդիպում անցկացնելու պատրաստակամությունը: Այս մասին հայտնել է ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով մամուլի քարտուղար, ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը տվել է իր համաձայնությունը՝ հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ մինչեւ մայիս: Այս մասին հայտարարել է Հյուսիսային Կորեայի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Չոն Իյ Էնը:
ԱՄՆ-ի նախագահի համաձայնությունը՝ Կիմ Չեն Ընի հետ հանդիպելու մասին, հաստատել է նաեւ Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը:
«Մենք գտնում ենք, որ նախագահ Կիմ Չեն Ընի հետ հանդիպելու Թրամփի պատրաստակամությունը դրական զարգացում է: Մենք անհամբեր սպասում ենք արդյունքներին»,-Բրյուսելում լրագրողներին հայտնել է Կոսյանչիչը:
Նա նաեւ հավելել է, որ Կորեական թերակղզու անվտանգության շուրջ ստեղծված իրավիճակը կքննարկվի Բրյուսելում մարտի 19-ին ԵՄ անդամ 28 երկրների ԱԳ նախարարների եւ Հարավային Կորեայի արտգործնախարարի համատեղ ասուլիսի ժամանակ։




























