5-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու համար 3 տարվա ազատազրկման դատապարտվածը դիմել է Վերաքննիչ դատարան՝ պահանջելով արդարացնել իրեն: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների նստավայրում Գեւորգը (անունը փոխված է) իրեն մեղավոր չի ճանաչել եւ հերքել է իրեն մեղսագրվող արարքները:
24-ամյա Գեւորգին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 142 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ Անառակաբարո գործողությունները:
Ըստ մեղադրանքի՝ նա 2014 թվականին ծանոթացել է երեւանաբնակ Արմենի (անունը փոխված է) հետ: Իմացել է, որ նա իր բնակարանի մի սենյակը նյութական կարիքից դրդված՝ վարձով է տալիս:
Գեւորգը ցանկություն է հայտնել այդ սենյակը վարձելու եւ վարձակալական հիմունքներով ապրել է այնտեղ՝ Արմենի ընտանիքի հետ կիսելով ընդհանուր նշանակության սենյակները՝ խոհանոցը, սանհանգույցը:
Բնակարանում ապրել է Արմենը, կինը, նրանց որդին ու 2011 թվականին ծնված դուստրը: Հետագայում Գեւորգի վարձած սենյակում սկսել են ապրել նաեւ նրա եղբայրը, կինն ու դուստրը:
Ըստ մեղադրանքի՝ Գեւորգը տանտիրոջ ընտանիքի անդամների հետ ունեցել է բարեհաճ փոխհարաբերություններ, սակայն դեպքին նախորդող մեկ-երկու ամիսների ընթացքում ցուցաբերել է տարօրինակ վարքագիծ, մասնավորապես՝ սկսել է չարաշահել ալկոհոլը:
2016 թվականի հունիսի 20-ին, ժամը 19-ի սահմաններում Գեւորգն աշխատանքից վերադարձել է անսթափ վիճակում: Նրա եղբայրը հանդիմանել է նրան, պահանջել է, որ քնի՝ սթափվելու համար: Գեւորգը եղբորը լսելով՝ գնացել է պատշգամբ, նստել է աթոռին ու քնել է, եղբայրը նույնպես գտնվել է պատշգամբում՝ համակարգչի մոտ:
Ժամը 21:00-ի սահմանում աշխատանքից վերադարձել է տանտերը: Կինը գանգատվել է, որ վարձակալը նորից հարբած է եկել, պահանջել է, որ նրան հանեն իրենց տնից:
Արմենը հանգստացրել է կնոջը, ապա զրուցել է մյուս վարձակալի հետ: Այդ ընթացքում նրանց կանայք խոհանոցում ընթրիք են պատրաստել:
Ժամը 22-ի սահմանում Գեւորգն արթնացել է, եղբորից գումար է խնդրել, որ գնա Աբովյան: Վերցրել է գումարը, բայց բնակարանից դուրս չի եկել, գնացել է խոհանոց, փորձել է զրուցել Արմենի կնոջ հետ: Վերջինը զայրացել է նրա վրա, Գեւորգն ասել է, թե մեկնում է Աբովյան, ու դուրս է եկել խոհանոցից:
Դրանից հետո Արմենը շփվել է իր 5-ամյա դստեր հետ: Շուտով տանտիրուհին ասել է, որ լվացվեն ու ներկայանան ընթրիքի:
Խոհանոցից դուրս գալով՝ աղջնակը մտել է զուգարան՝ քիթը մաքրելու: Երեխայի՝ զուգարան մտնելը տեսնելով՝ Գեւորգը նրա հետեւից մտել է զուգարան, դուռը ներսից փակել:
Այնուհետեւ, ըստ մեղադրանքի, լինելով 18 տարին լրացած անձ, լինելով մեղսունակ, օգտվելով մանկահասակ երեխայի անօգնական վիճակից, Գեւորգը նրան բարձրացրել է զուգարանակոնքի վրա, գոտկատեղից ներքեւ մերկացրել է եւ անառակաբարո գործողություններ կատարել նրա նկատմամբ:
Առաջին ատյանի դատարանը գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ հաստատված է գնահատել առաջադրված մեղադրանքը եւ նրան դատապարտել 3 տարի ազատազրկման:
Վերաքննիչ քրեական դատարանը եւս մերժել է վերաքննիչ բողոքը՝ ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ 3 տարի ազատազրկումով, թողնելով անփոփոխ:
Գեւորգը մինչեւ դատական ակտերի՝ ուժի մեջ մտնելը կգտնվի ազատության մեջ:



























