22 տարի առաջ երեք զինվորների սպանության համար ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանին սպանվածների ծնողները ներել են, եւ դատապարտյալը ներման խնդրագրով դիմելու է ՀՀ նախագահին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Աշոտ Մանուկյանի փաստաբան Նարեկ Ալոյանը:

«Տարածաշրջանում երեւի առաջին անգամ է նման դեպք տեղի ունենում, որ երեք սպանվածների ծնողները, ընտանիքի անդամները 22 տարի անց ներեն հանցագործությունը կատարողին եւ դեմ չլինեն, որ Աշոտը ներման խնդրագրով կամ այլ ձեւով ազատ արձակվի»,- ասաց պաշտպանը` նշելով, որ մոտ օրերս ներման խնդագիրը կներկայացնի նախագահին:

Նարեկ Ալոյանը նշեց, որ Աշոտ Մանուկյանը 22 տարիների ընթացքում դրական բնութագիր ունի, զղջման  մասին գիրք է գրել, ոչ մի անգամ վիճաբանություն չի ունեցել:

Նշենք, որ Աշոտ Մանուկյանը դատապարտվել է 20 տարեկանում: Թե՛ նախաքննության, թե՛ դատավարության ժամանակ ցուցմունքներ է տվել, որ ինքն է կրակել երեք զինվորների վրա, իսկ պատճառը եղել է պարտքի շուրջ եղած վեճը։  Դեպքը տեղի է 1996 թ.-ի փետրվարի 23-ին Տուֆաշեն գյուղի մոտ տեղակայված զորամասի «Պեմզաշեն» տեղամասում: Աշոտ Մանուկյանը սպանել էր շարքայիններ Վլադիկ Օսիպյանին, եղբայրներ Սամվել ու Սերգեյ Վարդանյաններին:

Մանուկյանին դատապարտել էին մահապատժի՝ գնդակահարության ձեւով, սակայն պատժի նմանատիպ կիրառումը վերացվեց եւ արդյունքում Մանուկյանը ցմահ ազատազրկման դատապարտվեց եւ 22 տարի արդեն կրում է պատիժը:

Նշենք, որ վաղաժամկետ ազատման համար Մանուկյանը բազմիցս դիմել է դատարան եւ մերժում ստացել։