Ատոմային սուզանավ Կ-141 «Կուրսկը» 2000 թվականի օգոստոսին Բարենցի ծովում կործանվել է ԽՍՀՄ փլուզումից հետո ռուսական զինված ուժերի բարձիթողի վիճակի պատճառով: Այս մասին լրագրող Անդրեյ Կոնդրաշովի վավերագրական ֆիլմում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ֆիլմը «Օդնոկլասնիկիի» իր էջում հրապարակել է  Դմիտրի Կիսելյովը, փոխանցում է ՌԲԿ-ն:

«Խորհրդային Միության փլուզումից հետո մեզ մոտ ահռելի դժվարություններ առաջացան ե՛ւ տնտեսության մեջ, ե՛ւ սոցիալական ոլորտում, ե՛ւ բնականաբար՝ բանակում: Այս ամենը չէր կարող բանակին չառնչվել: «Կուրսկի» ողբերգությունը նույնպես զինված ուժերի ընդհանուր վիճակի դրսեւորումն էր»,- ասել է նա:

Ատոմային սուզանավ Կ-141 «Կուրսկը»՝ 949Ա «Անթեյ» նախագծի թեւավոր հրթիռներով խորտակվել է 2000 թվականի օգոստոսի 12-ին Բարենցի ծովում 108 մետր խորությունում: Սուզանավը խորտակվել է տորպեդային հատվածում տորպեդի պայթյունի հետեւանքով: Ողբերգության հետեւանքով անձնակազմի բոլոր 118 անդամները զոհվել են: