Փետրվարի 12-ին հոսպիտալում մահացած ժամեկտային զինծառայող Ստեփան Ստեփանյանի գործով նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը մեկ ամիս անց դեռ չի ստացվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ստեփանի տատիկը` Անահիտ Ստեփանյանը:

Նա նշեց, որ փորձաքննության արդյունքները, ամենայն հավանականությամբ, կստացվեն մյուս շաբաթ:

Նշենք, որ մեզ հետ զրույցում Ստեփանի տատը պատմել էր, որ թոռը երբեք առողջական խնդիրներ չի ունեցել եւ վերջին արձակուրդի ժամանակ էլ իրեն շատ լավ է զգացել:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ ժամկետային զինծառայող Ս.Ստեփանյանին 2018թ. փետրվարի 1-ից 10-ը հատկացվել է արձակուրդ, որը վերջինս անցկացրել է Կոտայքի մարզի Գառնի գյուղում: 2018թ. փետրվարի 10-ին զինծառայողը հորեղբոր ուղեկցությամբ՝ վերջինիս ավտոմեքենայով,  Գառնի գյուղից ուղեւորվել է Երեւանի Հյուսիսային ավտոկայարան՝ Իջեւան մեկնելու եւ զինծառայության վերադառնալու համար։ Ավտոկայարանի ճանապարհին՝ ժամը 12:30-ի սահմաններում, զինծառայողի ինքնազգացողությունը վատացել է, բայց մեկնելուց չի հրաժարվել։ Նույն օրը՝ ժամը 23:15-ի սահմաններում, Ս.Ստեփանյանը դիմել է զորամասի բուժկետ, ապա տեղափոխվել Իջեւանի ԲԿ՝ բուժօգնության: Հաջորդ օրը՝ փետրվարի 11-ին՝ ժամը   07:30-ին, Ս.Ստեփանյանն անգիտակից վիճակում տեղափոխվել է ՊՆ ԿԿԶՀ, որտեղ փետրվարի 12-ին՝ ժամը 17:30-ին, մահացել է:

Նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը դեռ չի ստացվել, իսկ դիակի դիահերձման արդյունքներով՝ դատաբժիշկները որպես մահվանը հանգեցրած ախտաբանական անմիջական վիճակ արձանագրել են՝ գլխուղեղի այտուց, ուղեղաբնի ներհրման համախտանիշով, իսկ որպես մահվան հիմնական պատճառ՝ «կոմա՝ անհայտ ծագման»:

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով փետրվարի 22-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: