Ընկերոջ հորը թունավորելու փորձի համար 10 տարվա ազատազրկման դատապարտված քաղաքագետ Արկադի Վարդանյանի հիվանդությունն անհամատեղելի է պատժի կրման հետ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արկադի Վարդանյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը` նշելով, որ վերջին օրերին իր պաշտպանյալի ինքնազգացողությունը շատ վատ է:
«Վերջին օրերին իմ պաշտպանյալի ինքնագացողությունը շատ վատ է: Այսօր փորձեցի տեսակցել նրան, հասկանալ իրավիճակը, սակայն, չթույլատրեցին` պատճառաբանելով, որ ոչ աշխատանքային օր է, վաղը նորից կփորձեմ տեսակցել նրան: Արկադի Վարդանյանը այնպիսի հիվանդություններ ունի, որ անհամատեղելի են պատժի կրման հետ: Ես այդ հարցով դիմել եմ դատարան, գործը հիմա Վերաքննիչում է»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:
Պաշտպանը հավելեց, որ այժմ Արկադի Վարդանյանը կիսափակ ռեժիմով է կրում պատիժը:
Նշենք, որ 2013 թվականին քաղաքագետ Արկադի Վարդանյանը դատապարտվեց 10 տարվա ազատազրկման` ընկերոջ հորը թունավորելու փորձի համար:



























