Վիեննայում Իրանի դեսպանատան մոտ հարձակում է կատարել դանակով զինված անհայտ անձը, Twitter-ում հայտնել է քաղաքի ոստիկանությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ դանակով հարձակում գործած անհայտ անձին ավստրիական զինված ուժերը գնդակահարել են:
Տեղական լրատվամիջոցների տեղեկություններով՝ պատահարը տեղի է ունեցել Վիեննայում Իրանի դեսպանատան մոտ: Standard պարբերականի տեղեկություններով՝ հարձակումը կատարել է Ավստրիայի 26-ամյա քաղաքացի:
Ոստիկանությունից հայտնել են, որ հարձակման հետեւանքով մի զինծառայող ուսի վնասվածք է ստացել, նրան տեղափոխել են հիվանդանոց: Հարձակման դրդապատճառները դեռեւս չեն հրապարակվում:
Վերջին օրերին սա Վիեննայում դանակով երկրորդ հարձակումն է: Մարտի 7-ին անհայտ անձն անցորդների վրա էր հարձակվել Պրատեր այգու մոտ, ապա հանցագործության վայրից փախել էր: Նրան ոստիկաններն ավելի ուշ ձերբակալել էին:



























