Երեւանի ավագանու փետրվարի 13-ի նիստում տեղի ունեցած միջադեպի փաստի առթիվ հարուցված քրեական գործով մինչ այս պահը կասկածյալ չկա: NEWS.am-ի հետ զրույցում Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը նշեց, որ հարուցված քրեական գործով որպես տուժող է ճանաչվել միայն Մարինա Խաչատրյանը չնայած այն հանգամանքին, որ միջադեպի հետեւանքով վնասվածքներ են ստացել եւ ինքը, եւ խմբակցության մյուս անդամ Սոնա Աղեկյանը:

Նշենք, որ քրեական գործ հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (ծեծ) առաջին մասի եւ 258-րդ (խուլիգանություն) հոդվածի առաջին մասի հատկանիշներով:

118-րդ հոդվածի առաջին մասը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

Իսկ 258-րդ հոդվածի առաջին մասը նախատեսում է տուգանք` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մինչեւ մեկ ամիս ժամկետով:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու նիստում, փետրվարի 13-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները դիմակներ էին հագել եւ փորձում էին իրենց հետ Նուբարաշենից ապակե տարաներով բերված գարշահոոտություն արձակող կոյուղաջուրը մոտեցնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Ավագանու ՀՀԿ-ական անդամները փորձել են արգելել նրանց, որից հետո քաշքշուկ է սկսվել: ՀՀԿ-ականները հարվածներ են հասցրել «Երկիր Ծիրանիի» անդամ Մարինա Խաչատրյանին, քաշքշել նրա մազերը: Ավելի ուշ Մարինա Խաչատրյանը հայտարարել է, որ իր հանդեպ նաեւ սեռական ոտնձգություն է կատարվել, որի համար էլ ինքն ապտակել է ՀՀԿ-ական Էդմոնդ Կիրակոսյանին:

Փաստի առթիվ ոստիկանություն էին դմել թե «Երկիր Ծիրանիի» ներկայացուցիչները, թե քաղաքապետարանը: