Հակառակ անցած տարիների՝ այս տարի Նոր տարուն սննդային թունավորման բավական քիչ դեպքեր են գրանցվել. հունվարի 7-ի դրությամբ նմա խնդիր ունեցել է ընդամենը մեկ ընտանիք։ Հունվարի 11-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Առողջապահության նախարարության կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի բժիշկ-դիետոլոգ Վադանուշ Պետրոսյանը։

Խոսելով Նոր տարվա տոներին հայերի չափից դուրս լավ ախորժակ ունենալու մասին՝ նա նկատեց, որ «անվերջ ուտել-խմելը եւ ֆիզիկական աննշան ծանրաբեռնվածությունը բերում են մի քանի ավելորդ կիլոգրամների, որոնք կորցնելու համար մարդիկ դիմում են ծայրահեղ միջոցների՝ բեռնաթափման օրերի, տարատեսակ դիետաների եւ մինչեւ անգամ սովի են մատնում իրենց»։

«10-13 օրվա շատակերությունն ու սնվելու անկանոն ռեժիմն իր հետ ավելորդ քաշ է բերում, որը թեպետ ճարպակալություն չես համարի, սակայն ջանքեր են պետք նախկին տեսքին գալու համար։ Երկար ժամանակ մսային եւ ճարպոտ ուտելիք ստանալուց հետո օրգանիզմը կարիք է զգում թեթեւ՝ բացառապես բուսական կերակրատեսակների։ Այդ է պատճառը, որ անհրաժեշտ է 3-4 օրով հրաժարվել մսից, ձվից եւ ճարպոտ ուտելիքից։

Երկրորդ, պետք է ավելացնել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, այլապես ընդունած սննդի մեծ մասը կարող է մնալ աղիքներում՝ առաջացնելով խմորումներ, նեխածություն եւ ինքնաթունավորում։ Այս երեւույթներից խուսափելու համար պետք է նաեւ շատ հեղուկ օգտագործել՝ հանքային  եւ սովորական ջրի, ինչպես նաեւ թեյի տեսքով»,- խորհուրդ տվեց բժիշկ-դիետոլոգը։

Ամփոփելով՝ նա հիշեցրեց, որ անհրաժեշտ է թափել սառնարաններում դեկտեմբերի վերջերից մնացած նրբաբլիթները եւ բոլոր այլ ուտելիքները։ «Որքան էլ դրամ եւ ժամանակ վատնած լինեք այդ կերակուրները պատրաստած լինելու համար, միեւնույն է, հիշեք, որ ձեր ստամոքսն աղբարկղ չէ եւ այնտեղ չի կարելի ամեն տեսակ անպիտան բաներ լցնել»,- ասաց նա: