Սեպտեմբերի 13-ին տեղի է ունեցել «Ժառանգություն» կուսակցության ակտիվի նիստ: «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նիստին մասնակցել են կուսակցության վարչության անդամները, «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության հինգ պատգամավորները, կուսակցության ստորաբաժանումների ղեկավարները (բացի հեռավոր շրջանները ներկայացնող երկու ստորաբաժանման ղեկավարներից, որոնք բացակայում էին հարգելի պատճառներով), ինչպես նաեւ կուսակցության խորհրդի անդամներն ու Երեւանի ակտիվի ներկայացուցիչները:

Ակտիվի նիստում քննարկվել են կուսակցության վարչության եւ խմբակցության դիրքորոշումը` կապված հայ-թուրքական հարաբերություների վերջին զարգացումների եւ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից մանդատը վայր դնելու հետ, ներկայացվել են վարչության որոշումների հիմնավորումները` կուսակցության վեց անդամների, այդ թվում` վարչության երեք անդամներին կուսակցությունից հեռացնելու վերաբերյալ: Ակտիվի նիստի ընթացքում ընդունվեց հայտարարություն, որում մասնավորապես ասված է. «Մենք` „Ժառանգություն“ կուսակցության անդամներս, ի գիտություն ենք ընդունում Րաֆֆի Հովհաննիսյանի Ազգային Ժողովի մանդատից հրաժարվելու վերաբերյալ քաղաքական քայլը եւ հայ-թուրքական արձանագրությունների նախաստորոգրման մասին „Ժառանգություն“ կուսակցության վարչության հայտարարությունը:

Քաջ գիտակցում ենք, որ վերջին օրերին „Ժառանգություն“ կուսակցության եւ նրա առաջնորդի հեղինակությունը սասանելու անհաջող փորձերը միտված էին Հայաստանի ազգային-պետական շահերից բխող այս կարեւոր ու համարձակ քայլերից հասարակության ուշադրությունը շեղելուն:

Դատապարտում ենք տարբեր ուժերի կողմից ձեռնարկվող բոլոր այն քայլերը, որոնք ուղղված են մեր կուսակցության ուրույն դիմագիծը, հետագիծը նսեմացնելուն»:

«Ժառանգության» ներկայացուցիչները հայտարարել են, թե «հավատարիմ մնալով „Ժառանգություն“ կուսակցության գաղափարախոսությանն ու առաջնորդին, վստահություն են հայտնում կուսակցության վարչությանը եւ նրա որոշումներին, Ժառանգություն խմբակցության գործելակերպին, ձեռնարկած քայլերին, այդ թվում՝ ուղղված ներկուսակցական մթնոլորտի առողջացմանը եւ կարգապահության ուժեղացմանը, եւ աներեր հայտարարում են նրանց հետ մեր միակամության մասին` մեր երկրում օրինականություն, ժողովրդավարություն եւ իրավական պետություն հաստատելու գործում»: Ի դեպ, ըստ կուսակցության պատասխանատուների՝ հայտարարությանը միացել են կուսակցության վարչության բոլոր անդամները, «Ժառանգություն» խմբակցության հինգ պատգամավորները, կուսակցության ստորաբաժանումների 32 ղեկավարներ, խորհրդի 26 անդամներ, ինչպես նաեւ Երեւանի ակտիվի ներկայացուցիչներ, այդ թվում` կուսակցական երիտասարդներ, ընդամենը՝ 62 հոգի: