Եվրամիությունը կպահպանի ճնշումը Հյուսիսային Կորեայի վրա հրթիռամիջուկային ծրագրի պատճառով, սակայն այս միջոցներն ինքնանպատակ չեն, վերջնական նպատակն է Կորեական թերակղզու ապամիջուկայնացումը։ Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով բարձրագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։ 

«ԵՄ–ն  ամբողջությամբ սատարում է Կորեական թերակղզու ամբողջական ապամիջուկայնացումը եւ մեր բոլոր ջանքներն ուղղված են եղել այդ նպատակին»,–նշել է նա։ 

Նշենք, որ փետրվարի վերջին Եվրամիությունն ուժեղացրել է պատժամիջոցները Հյուսիսային Կորեայի դեմ՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւի համապատասխան։ Այժմ ՄԱԿ–ի պատժամիջոցային ցուցակում կան 79 ֆիզիկական եւ 54 իրավաբանական անձինք, իսկ ԵՄ–ի ցուցակում նրանք համապատասխանաբար 55 եւ 9 հոգի են։