Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ մարտի 23-ին, Շամիրամում 4 եզդիների սպանության գործով դատական նիստը հետաձգվեց: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեցին դատավոր Սուրեն Մնոյանի գրասենյակից:
Թելման եւ Քյարամ Քալաշյանների պաշտպան Կրոմվել Գրիգորյանը միջնորդություն է ներկայացրել նիստը հետաձգելու վերաբերյալ, քանի որ մարտի 23-25-ը Հայաստանում չի լինելու, իսկ ապրիլի 30-ի նիստը խնդրել էր հետաձգել՝ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով:
Նշենք, որ նախորդ դատական նիստին տուժողներն ու տուժողների իրավահաջորդները պնդում էին, որ պաշտպանը միտումնավոր է ձգձգում նիստերը, որպեսզի իրենք չկարողանան ներկայանալ, քանի որ նրանց մեծ մասը բնակվում է Ռուսաստանում:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց ապրիլի 6-ին՝ ժամը 13:00-ին:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Թելման Քալաշյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. օգոստոսի 1-ին Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքի գերեզմանատանը կից սգո սրահում, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարել է չորս անձանց սպանություն: Բացի այդ՝ 1999թ. ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել հրազեն եւ ռազմամթերք, 2012թ. դեկտեմբերից մինչեւ 2014թ. նոյեմբերն ընկած ժամանակահատվածում կատարել է վաշխառություն` որի հետեւանքով տուժողներն ընկել են նյութական ծանր կացության մեջ, 25.08.2017թ. կատարել է նաեւ սուտ մատնություն:
Թելման Քալաշյանի հորեղբորը՝ Քյարամ Քալաշյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա պարտակել է առանձնապես ծանր հանցագործությունը` շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, չորս անձանց սպանությունն իրականացրած Թելման Քալաշյանին:
Թելման Քալաշյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով, 213-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով եւ 333-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ հորեղբորը՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ 334-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:



























