Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատասխանել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի քննադատությանը՝ կապված կիպրական հարցի կարգավորման շուրջ Անկարայի ունեցած դիրքորոշման հետ։
Ինչպես հայտնում է Worldbulletin կայքէջը, Թուրքիայի վարչապետը Մերկելին հակադարձել է նրան մեղադրելով մոռացկոտության մեջ։
«Կարծում եմ՝ տիկին Մերկելը մոռացել է այն մասին, ինչ ավելի վաղ ասում էր հենց ինքը։ Հենց նա էր հայտարարել, որ ճիշտ չէր լինի Կիպրոսի հարավային հատվածն ընդունել ԵՄ: Այժմ՝ Կիպրոսի հունական հատված կատարած այցից հետո նա հանդես է գալիս նման հայտարարությամբ»,- ասել է Էրդողանը:
«Ինչպես երեւում է, Անգելա Մերկելը կարծում է, թե կիպրական հարցը մի գործընթաց է, որն սկսվել է նրա իշխանության գալու ժամանակ։ Պարզ է, որ նա չգիտի կիպրական հարցի պատմությունը»,- ավելացրել է Էրդողանը։
Նշենք, որ Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասի հետ բանակցությունների ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կիպրական հարցի կարգավորման շուրջ ունեցած դիրքորոշման համար քննադատել էր Թուրքիային եւ խոստացել ԵՄ մուտք գործելու նրա բանակցություններում շատ սահմանափակումներ դնել։





























