Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14:30-ին Հանրապետության հրապարակում՝ Արտաքին գործերի նախարարության եւ կառավարության շենքերի դիմաց Հայ հեղափոխական դաշնակցությունը նախաձեռնել էր զանգվածային ակցիա հայ-թուրքական արձանագրությունների դեմ:

ԱԳՆ շենքի առջեւ՝ «Չուրանանք, չզիջենք, ընդվզենք», «Ոչ նախապայմաններին» պաստառներով ՀՅԴ 24 անդամներ հացադուլ հայտարարեցին: Հացադուլավորների մեջ են Գերագույն մարմնի, կուսակցության երիտթեւի անդամներ, նախկին փոխարտգործնախարարներ եւ փոխմարզպետներ: Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնեց ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը, որը նույնպես հացադուլ է հայտարարել, բողոքի գործողությունները կշարունակվեն մինչեւ հոկտեմբերի 14-ը՝ Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականների միջեւ ֆուտբոլային հանդիպումը: Միաժամանակ նա ընդգծեց, որ ՀՅԴ անդամները հերթականությամբ փոխարինելու են իրար:

Գործողության մասնակիցներից ոչ հեռու պաստառ էր փակցված՝ ՀՅԴ-ի կողմից նախաստորագրված արձանագրություններին վերաբերող փոփոխություններով եւ առաջարկություններով: Ինչպես նշեց Գեղամ Մանուկյանը, ՀՅԴ առաջարկներին միանալ ցանկացողների թիվը չի նվազում: Հացադուլավորներին աջակցելու եկած խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը NEWS.am-ի թղթակցին վստահեցրեց, որ ինքն էլ է միանալու հացադուլավորներին՝ խորհրդարանական քառօրյայի ավարտից հետո:

Կառավարության շենքի առջեւ նույնպես նստացույց էր կազմակերպվել: ՀՅԳ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը NEWS.am-ի թղթակցի հարցին՝ հավատո՞ւմ է արդյոք գործողության արդյունքին, պատասխանեց. «Մեզ մնում է միայն հուսալ: Չէ որ ինչ-որ բան պետք է անել»: