Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը հայտարարել է, որ Սոլսբերիում Գլխավոր հետախուզության վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր՝ Յուլիայի թունավորման առնչությամբ արտաքսելու է ոչ թե ռուս դիվանագետներին, այլ «չհայտարարված հետախույզներին»։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում, փոխանցում է Gazeta–ն։
«Արդեն «դիվանագետ» բառը (արտաքսման խոսակցությունների առնչությամբ) ճիշտ չէ։ Իրականում նրանք մարդիկ են, որոնց կոչում են «չհայտարարված հետախույզներ»։ Մարդիկ սխալվում են, եթե մտածում են, որ «չհայտարարված հետախույզները» ինչ–որ լավ բան են անում Չեխիայի համար։ Չնայած նրանք (Մեծ Բրիտանիան) դուրս են գալիս Եվրամիությունից, մենք ամեն ինչ պիտի անենք, որ Եվրոպան մնա միասնական եւ ուժեղ։ Դրա հետ մեկտեղ Բրիտանիան ՆԱՏՕ–ի անդամներից է եւ եվրոպական եւ տրանսատլանտյան անվտանգության տեսանկյունից Չեխիայի կարեւոր գործընկերներից։ Ուստի, կրկնում եմ, Բրիտանիան պետք է աջակցենք»,–շեշտել է Բաբիշը։
Նա նաեւ հերքել է, որ «Նովիչոկը» արտադրվել է Չեխիայի տարածքում։




























