Եթե ադրբեջանական իշխանությունները շահագրգռված են պահպանել մշակութային հուշարձանները, նրանք պետք է դիմեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանություններին: Այս մասին, NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Աբուլֆաս Գարաեւի հայտարարությունը, հայտարարեց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

«Ադրբեջանական կողմի մեղադրանքները առնվազն անհիմն եւ անտեղի են: Ըստ երեւույթին, Բաքվում բոլորովին «մոռացել են» Նախիջեւանում հին հայկական գերեզմանոցի ոչնչացման մասին, երբ բուլդոզերները հարյուրավոր հնագույն խաչքարեր ոչնչացրեցին, իսկ բուն տարածքը հրաձգարանի վերածվեց: Միջազգային կազմակերպությունները բազմիցս դիմել են Ադրբեջանի իշխանություններին նախկին գերեզմանատան տարածք մուտք գործելու թույլտվություն ստանալու համար: Ադրբեջանի իշխանությունները հրաժարվեցին թույլտվություն տրամադրել,  այդ թվում նաեւ՝ ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպանին», - հիշեցրեց Տիգրան Բալայանը: Միեւնույն ժամանակ, նա ընդգծեց, որ եթե Բաքվում մտահոգված են հուշարձանների պահպանման հարցով, նրանք պետք է դիմեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների: